Դեռ ոչ ոք չի մոռացել, թե ինչպես այս տարեսկզբին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հարցազրույց տվեց Դմիտրի Կիսելյովին և իր խոսքի մեջ փաստացի ժխտեց Հայոց ցեղասպանության փաստը: Մի քանի օր անց, տեղի տալով հասարակության ճնշումներին, ռուս եկեղեցին ոչ այն է ներողություն խնդրեց, ոչ այն է հայտարարեց, թե, իբր, Հայաստանում ճիշտ չեն ընկալել հոգևոր առաջնորդի միտքը՝ հավելելով, որ «ռուս եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում բազմիցս և հստակ արտահայտվել է Պատրիարքի բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում»: Խնդիրը համարվեց փակված ու անցավ-գնաց:
Բայց հիմա կարծես թե կրկնվում է նույն պատմությունը՝ այս անգամ մեկ ուրիշ համատեքստում: Օրեր առաջ, Ղարաբաղում ռազմական իրավիճակի շեշտակի սրացման հետ կապված, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեն մի գրությամբ դիմել է համաշխարհային հանրությանը և իր կոչը ստորագրելու է հանձնել նաև Ադրբեջանում գործող մյուս եկեղեցիների ներկայացուցիչներին: Անմիջապես միացել են հրեաները և ի՞նչ եք կարծում, էլ ո՞վ. Բաքվի և Ռուս Ուղղափառ եկեղեցու Ադրբեջանի արքեպիսկոպոս Ալեքսանդրը: Ստացվել է համատեղ մի նամակ, որտեղ հայկական կողմը դիտարկվում է որպես «սադրիչ», Լեռնային Ղարաբաղը` «ադրբեջանապատկան տարածք» և նշված է նաև «գրավյալ տարածքների» մասին:
Դատելով այս գրությունից, հիմա էլ ստիպված ենք արձանագրել, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին մեզ համարում է օկուպանտ և դա վավերացնում է արքեպիսկոպոս Ալեքսանդրի ստորագրությամբ: Ու պիտի որ շատ տարօրինակ լինի, եթե հանկարծ առաջիկայում Մոսկվայից հաղորդեն, թե մենք կրկին սխալ ենք հասկացել իրենց:
Այս նյութը դիտել են - 3427 անգամ