ԲԱՑ ՆԱՄԱԿ Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին
2016-04-14 04:31:00

ԲԱՑ ՆԱՄԱԿ 

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին 

Դիմում եմ ձեզ, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի, Արցախյան շարժման մասնակից, Արցախյան պատերազմի մասնակից, կին, որը գրել է մեր Պաշտպանության բանակի ստեղծման մասին առաջին հրամանը: Այսօր մեր երկրորդ անգամ արյունով լվացված երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը հայտնվել են վտանգի մեջ, և մեր հերոսների թափած արյունը մեզ պարտադրում է նույն անձնազոհությամբ պայքարել նաև դիվանագիտական ասպարեզում:

Կարծում եմ, կարիք չկա հիշեցնել, որ դուք ի պաշտոնե պետք է գործեք Արցախի Հանրապետության Սահմանադրության շրջանակներում, որը ձեզ պարտադրում է ենթարկվել մեր ժողովրդի կողմից 1991 թվականի հանրաքվեով արտահայտած կամքին:

Տարիներ շարունակ մեր իշխանությունները թաքնված են պահել մեզնից, որ Արցախի անունից Հայաստանը մասնակցում է մի գործընթացի, որտեղ քննարկվում է Արցախը Ադրբեջանի կազմում մնալու կամ չմնալու հարցը: Այսօր դուք հայտարարում եք, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, չնշելով, թե ինչ բանակցությունների եք ուզում մասնակից դարձնել մեր ինքնիշխան երկիրը:

Պատերազմական գործողությունների թեժ օրերին միջազգային հանրությունը հնարավորություն է տվել ձեզ հայտարարել ամբողջ աշխարհին, որ Արցախը պահանջում է ճանաչել իր ինքնորոշման իրավունքը և ճանաչել մեր անկախությունը Ադրբեջանից:

Դուք պետք է ասեիք, որ որպես ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական պետություն, Արցախը չի կարող մնալ մի երկրի կազմում, որը չի ենթարկվում միջազգային իրավունքի նորմերին: Դուք չասացիք, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է բանակցություններ վարել Ադրբեջանի հետ միայն նրանից հետո, երբ այդ երկիրը հետ կքաշի իր զորքերը մեր երկրի Սահմանադրությամբ ամրագրված սահմաններից:

Մենք պատրաստ ենք լսել մեր բոլոր ռազմա-քաղաքական պատասխանատուներից, այդ թվում նաև ձեզանից, որ ձեզ վրա արտաքին ճնշում է գործադրվել: Այդ դեպքում մեր ժողովուդը սատար կկանգնի երկրի իշխանություններին, որպեսզի մենք միասնական ուժերով կարողանանք պաշտպանել մեր երկրի ինքնիշխանությունը, ինչը մեզ հնարավորություն կտա խուսափել էլ ավելի մեծ մարդկային և դիվանագիտական կորուստներից:

Դուք պարտավոր եք գործել Սահմանադրության պահանջներին համապատասխան, ինչը ենթադրում է, որ դուք պետք է դիմեք միջազգային հանրությանը և առաջին հերթին Հայաստանի Հանրապետությանը, հորդորելով ճանաչել Արցախի անկախությունը Ադրբեջանից, ընդ որում, միայն այն դեպքում, երբ որ կվերականգնվի մեր պետության պետական սահմանը: Հակառակ դեպքում մենք կդնենք Ձեր՝ սահմանադրությանը չենթարկվելու և մասնագիտական անհապատասխանության հարցը:

Մարգարիտա Քարամյան

Այս նյութը դիտել են - 1517 անգամ