Մի շարք տրանսպորտային իրավախախտումների համար տուգանքը կփոխարինեն նախազգուշացմամբ։ Այս մասին դեկտեմբերի 10-ին՝ Կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ, լրագրողներին ասել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այդ նորարարությունը վերաբերում է այդ թվում եւ խաչմերուկում, հետիոտնի անցումները հատելիս թույլ տված խախտումներին։ Այսինքն՝ բոլոր այն խախտումները, որոնք չեն հանգեցնում ավտովթարի, մեծ սպառնալիք չեն ներկայացնում, դրանց համար տուգանք չի սահմանվի։ Հովհաննիսյանը նշել է, որ վարորդին հնարավորություն է տրվելու տեղում ուղղել խախտումը։ Նախարարն օրինակ բերեց. լինում են դեպքեր, երբ ՃՈ աշխատակիցը կանգնեցնում է վարորդին եւ պարզվում է, որ նա վարորդական իրավունք չունի։ Նրան հնարավորություն է տրվելու 24 ժամվա ընթացքում ներկայացնել փաստաթուղթը։ Նույնը վերաբերում է տեխզննման մասին փաստաթղթին։ Լինում են դեպքեր, երբ մեքենան անցել է տեխզննումը, սակայն փաստաթուղթը փակցված չէ դիմապակուն։ Այդ դեպքում նույնպես վարորդին մեկ օր ժամանակ է տրվում փաստաթուղթը ներկայացնելու համար։
Ինչպես պարզաբանել է նախարարը, եթե վարորդին 3 անգամ ոչ սթափ վիճակում նկատեն եւ 3 անգամ տուգանեն, ապա մեկ տարով կզրկվի վարորդական իրավունքից։ Սակայն եթե այդ մեկ տարվա ընթացքում նրան կանգնեցնեն մեքենա վարելիս, ապա նրան սպառնում է պատիժ, ընդհուպ մինչեւ ազատազրկում։ Եթե վարորդի տուգանքները մեկ տարվա ընթացքում կազմում են 300 հազար դրամ, ապա նա մեկ տարով զրկվում է վարորդական իրավունքից։ Նախարարը հավելել է, որ խախտումների համար յուրաքանչյուր վարորդի դեպքում կգործի բալերի հաշվարկման անհատական համակարգ։ Եթե վարորդը մեկ տարվա ընթացքում հավաքի ուղիղ 600 բալ, ապա նրա նկատմամբ տուգանք չի կիրառվի։ Սակայն եթե այդ ցուցանիշը գերազանցի նորման, նրան մեկ տարով կզրկեն վարորդական իրավունքից։
Կառավարության նիստում հավանություն ստացած այս փոփոխությունները կգործեն խորհրդարանում փոփոխությունների հաստատելուց հետո։
Այս նյութը դիտել են - 1786 անգամ