2 միլիոն դոլար գեներալ Միհրան Պողոսյանին և 400 միլիոն ՀՀ դրամ տուգանք
2016-04-14 16:53:00

Հարկային մարմինները ստուգումներ են անցկացրել ԴԱՀԿ պետ, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին նախկինում պատկանող «Ինտերստրատոս» ֆիրմայում և բազմաթիվ չարաշահումներ են հայտնաբերվել: Հարկային մարմինները 400.000.000 (չորս հարյուր միլիոն) դրամի ակտ են գրել:

Ինչպես բոլորին է հայտնի, Միհրան Պողոսյանին միլիոնավոր դոլարներ է պարտք «Սթար» խանութաների նախկին սեփականատեր Գևորգ Աֆանդյանը: Գեներալն այդ գումարների բռնագանձման պահանջով բազմիցս հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ. պարտքի մի մասը մարվել է: Սնանկացած Գևորգ Աֆանդյանը չի կարողանում վերադարձնել մնացած գումարը: Վերջին դատական հայցով նրան պարտադրել են մարել հինգ միլիոն հարյուր քառասունյոթ հազար դոլար:

Տեսնելով, որ Գևորգը չի տալիս իր փողերը, գեներալը նրան է տվել նախկինում իրեն պատկանող «Ինտերստրատոս» ՍՊԸ-ն: Նպատակը` այդ ֆիրմայով Աֆանդյանը պետք է վարկ վերցներ և փակեր պարտքը: Այդպես էլ արվել է: «Ինտերստրատոս»-ի միջոցով Աֆանդյանը երկու միլիոն դոլար վարկ է վերցրել և փոխանցել Միհրան Պողոսյանին: Բայց ինչպե՞ս, ի՞նչ հասցեով:

Տեղյակ աղբյուրի տվյալներով, Գևորգ Աֆանդյանը երկու միլիոն դոլարը փոխանցել է Պանամայի օֆշորային սկանդալում հայտնված «Բանջիո ինվեստ» ֆիրմային, որը պատկանում է գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին:

Ի դեպ, Գևորգ Աֆանդյանը խիստ վախեցած է Միհրան Պողոսյանից` մտածելով, որ, բացի պարտքերը մարելու պահանջից, գեներալը կարող է նաև այլ կերպ նեղացնել իրեն: Այդ իսկ պատճառով նա անընդհատ շրջում է Սաշիկ Սարգսյանի հետ: Նրան հաճախ կարելի է տեսնել «Անի» հյուրանոցի սրճարանում` Սաշիկ Սարգսյանի շրջապատում: Չար լեզուներն ասում են, որ Սաշիկի և Միհրանի հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն: Դրանից էլ ուզում է օգտվել Աֆանդյանը:

nyut.am

Այս նյութը դիտել են - 2172 անգամ