Ազգային անվտանգության խորհուրդը հսկայական աշխատակազմ ունի։ Ժամանակին բոլորն են հիշում, որ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը չէր իջնում եթերից՝ կարեւոր հանդիպումներ էր ունենում, պայմանագրեր կնքում, անվտանգության թեմաներով գործուղումներ մեկնում։
Նա երկրի նշանակալի դեմքերից էր: Հենց այդ տարիներին մեր պետական բյուջեից ահռելի ծախս արվեց՝ ըստ մամուլի 600 միլիոն դրամ, եւ մի հսկա շենք կառուցվեց Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի համար՝ Բաղրամյան պողոտայի ետնամասում, նախագահականի հարեւանությամբ։
Այդպես էլ պետք է լիներ, քանի որ երկրի անվտանգությունն ապահովող ցանկացած կառույց շատ կարեւոր է, մանավանդ Ղարաբաղյան խնդիր ունեցող երկրի համար։ Իսկ Անվտանգության խորհրդի բնականոն գործունեությունը նաեւ նրա աշխատակազմի լիարժեք աշխատանքից է կախված։
Սակայն 2 տարի առաջ ապրիլի 25-ին ընդդիմություն դառնալու կապակցությամբ ԱԱԽ քարտուղարի պաշտոնից Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց։ Եւ այդպես էլ այս պաշտոնին ոչ ոք չնշանակվեց։ Չնայած այս ընթացքում տարբեր անուններ են հնչել որպես ԱԱԽՔ թեկնածու։ Երեկ մենք փորձեցինք կապ հաստատել ԱԱԽ-ի հետ, հասկանալու այս օրերին ի՞նչ գործունեություն են իրականացրել, ռազմավարական ինչպիսի՞ ուղղվածություն են որդեգրել, մանավանդ ԱԳՆ-ից լուր չկա: Ամենևին չզարմացանք, երբ աշխատակազմի տարբեր վարչություններում հրաժարվեցին խոսել, պատասխանատվությունը «գցելով» աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանի վրա:
Վերջինս էլ պարզվեց «թարսի պես» զբաղված է՝ նախագահականում հանդիպման է: Փորձեցինք ԱԱԽ աշխատակազմի մասին տեղեկություններ ստանալ պաշտոնական կայքից և պարզեցինք, որ ԱԱԽ-ն ժամանակից «մի քիչ» հետ է մնացել, վերջին նորությունը, որ տեղադրված է կայքում, հունվարի 27-ով էր թվագրված. «ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ»:
Նշենք նաև, որ ԱԱԽ-ից տեղեկացրեցին, որ մամուլի հետ կապերի բաժին չունեն: 2 տարի քարտուղար չունեցող այս կառույցն ի՞նչ է անում, ոչ ոք չգիտի։ Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո կառույցի մասին ոչ հաղորդագրություն է տարածվել, ոչ լրագրողական նյութ է գրվել-հեռարձակվել։
Ի դեպ, ԱԱԽ կազմում են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Պնախարար Սեյրան Օհանյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, կայքում դեռ ԱԱԾ-ի տնօրեն «մնացած» Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, «Հայկական վերածնունդ» դարձած նախկին ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ով շարունակում է մնալ ԱԱԽ անդամ:
Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 1432 անգամ