Օսկան Քոչարյան
Այսօր Մոսկվայի դատարանը գործարար Լևոն Հայրապետյանին դատապարտեց չորս տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Հայրապետյանը «Բաշնեֆտ» ընկերության սեփականաշնորհման հետ կապված մութ պատմությունների մեջ էր, երկար ժամանակ կալանքի մեջ մնաց, իսկ այսօրվա դատավճռով մեղադրվեց խարդախության մեջ. Բաշկիրիայի նախկին սենատոր Իզմեստևի մորից, ըստ դատավճռի, Հայրապետյանը 800 հազար դոլար էր վերցրել, որպեսզի նրա համար մեղմ վճիռ «դասավորի», այնինչ Իզմեստևին դատապարտեցին ցմահ ազատազրկման, իսկ 800 հազարը մնաց Հայրապետյանի գրպանում:
Ռուսաստանը կոռումպացված երկիր է, գանձագողությունն ու թալանն այնտեղ քրեորեն հետապնդվում են միայն քաղաքական դրդապատճառներով: Ասենք, Միխայիլ Խոդորկովսկին 10 տարի նստեց այն բանի համար, ինչը Ռուսաստանում արել են բոլորը, սակայն դարձավ Պուտինի ընդդիմախոսը և դատապարտվեց: Բնականաբար, Վագիթ Ալեքպերովն էլ կնստի, եթե չափն անցնի և սահմանադրական հեղաշրջում ֆինանսավորի, ինչպես դա փորձեց անել Խոդորկովսկին: Մի խոսքով, կյանքը ցույց է տալիս, որ Ռուսաստանում կարելի է գողանալ միլիարդներ և պատասխանատվության չենթարկվել, եթե գողացողը չի խախտում խաղի կանոնները:
Բնականաբար, Հայրապետյանը Ռուսաստանի միակ խոշոր խարդախը չէր: Բայց, այնուամենայնիվ, նա հայտնվեց ռուսական արդարադատության ուշադրության կենտրոնում: Ո՞ւմ դարդն էր կտրվել, որ ցմահ ազատազրկված սենատորի մորը «քցելու» համար ինչ-որ մեկին պատասխանատվության ենթարկեն, այն էլ՝ խոշոր գործարարի: Հայրապետյանի քրեական գործն, անշուշտ, ունի իր քաղաքական պատճառը, որը պետք է որ անձամբ ինքն իմանա: Իսկ մենք կարող ենք մեր վարկածն առաջարկել:
Վերը խոսեցինք խաղի կանոնների մասին, որոնց հետևելը Ռուսաստանում անձնական անվտանգության երաշխիքն է: Այդ կանոնները գրված չեն, դրանց ցանկին ծանոթանալ անհնար է, իսկ դրանք իմանալն ուղղակի քթածակ է պահանջում: Մենք կարող ենք հնչեցնել դրանցից մեկը, որն էլ, ըստ ամենայնի, դարձավ Հայրապետյանի ողբերգության պատճառը:
Բանն այն է, որ ՌԴ նախագահ Պուտինը չի սիրում, երբ մարդիկ թալանում են իր երկիրը, իսկ բարեգործությունը ծավալում են արտերկրում: Օրինակ, Խոդորկովսկին իր կալանքից ընդամենը մի քանի օր առաջ Ամերիկայում Կոնգրեսի գրադարանին զոհաբերեց մեկ միլիոն դոլար, այնինչ տրամաբանությունը հուշում է, որ այդ միլիոնը պետք է բաժին հասներ Ռուսաստանի կենտրոնական գրադարանին: Բնականաբար, Խոդորկովսկու այդ քայլը չէր կարող աննկատ մնալ: Նույնը կարելի է ասել Հայրապետյանի մասին: Տարբեր տվյալներով և հաշվարկներով՝ Ղարաբաղում Գանձասարի և իր հարազատ Վանք գյուղի վրա Հայրապետյանը ծախսել է 50-70 միլիոն ամերիկյան դոլար: Ինչպե՞ս պիտի վերաբերվեր ՌԴ քաղաքական ղեկավարությունն այս բարեգործական ակցիային: Իհարկե, դա չէր կարող ողջունվել, և արդյունքն այսօր մենք տեսանք:
Իհարկե, չի կարելի մեղադրել ռուսներին այսօրինակ վերաբերմունքի համար: Իհարկե, նախագահ Սարգսյանին էլ դուր չէր գա, եթե իր ենթակայության տակ գտնվող հայ օրիգարխները թալանեին Հայաստանը, բայց շենացնեին կողքի երկիրը, եթե անգամ դա բարեկամ երկիր է: Քանզի հենց բարոյականությունն է այդպես պահանջում: Լևոն Հայրապետյանը, հավանաբար, մեծ կարծիք ուներ իր հեղինակության մասին, երևի կարծում էր, թե Օբամայի հետ լուսանկարվելը նրան անձեռնմխելի է դարձնում: Եվ նա խաբվեց իր հաշվարկներում:
Թող Հայրապետյանի դատավճիռը խրատ լինի Ռուսաստանում բիզնեսով ու թալանով զբաղվող մյուս հայերի համար: Եվ եթե բարեգործությամբ զբաղվելու գումար և ցանկություն կունենան, թող դա անեն առաջին հերթին Ռուսաստանում, որտեղ գոյացել է իրենց ունեցվածքը, հետո նոր մտածեն այլ երկրների մասին: Հակառակ դեպքում նրանք երաշխավորված չեն լինի ռուսական իրավապահ մեքենայի հակազդեցությունից, որի հարվածը, ինչպես տեսնում ենք, շատ դաժան կարող է լինել: