Մեր 92 զոհերից կա՞ր մեկը, որ հացի խնդիր չուներ…
2016-04-15 03:27:00

Այս հարցի մասին բոլորս ենք մտածում, բայց քչերն են բարձրաձայնում: Ասում ենք՝ պատերազմ է, դրա ժամանակը չի: Դե խաղաղ ժամանակ էլ կոկորդ ենք պատռում՝ ո՞վ է մեզ լսում: Լավ, բա ե՞րբ ասենք, ժողովրդին տանջող հարցի մասին տարվա ո՞ր եղանակին բարձրաձայնենք:

Կարծում եմ այսօր հարմար պահն է իմանալու՝ մեր 92 զոհից ո՞վ չի սոցիալապես անապահով: Համարյա բոլոր զոհերի սոցիալական ապրելակերպն իմ ուշադրության կենտրոնում է ու չեմ կարողանում գտնել մեկին, ով քիչ թե շատ բարվոք վիճակում է ապրում: Կապվում եմ նրանց գյուղապետերի, եթե կարողանում եմ՝ ընտանիքների, հարազատների հետ ու նույն լացը՝ հիմա ինչպե՞ս ենք ապրելու: Սա վիճակագրական անողոք փա՞ստ չէ, որ առաջին գծում սոցիալապես ամենաանապահով խավն է: Սա չէի բարձրաձայնի, եթե համատարած նույն դժգոհությունը չլիներ:Երևի պատասխանատու մարմինները կասեն՝ չէ՜, դուք սուտ եք ասում… Ուզում եմ, որ սուտ դուրս գամ: Թեկուզ ողջ ազգը ամոթանք տա ինձ, բայց սուտ դուրս գամ:

Այդ առումով խնդրում եմ որ հրապարակվեն մեր 92 զոհի սոցիալական վիճակը: Ում մասին փորձել եմ ճշտել՝ կամ տանիք չունի, կամ երեխան ուտելու հաց չունի, կամ տուն չունի, կամ…

Ուզում եմ, որ հանգիստ լինեմ ու մտածեմ, որ զոհերը ներկայացնում են մեր ազգի սոցիալական տարբեր շերտերը: Այլապես անտերության մի այնպիսի զգացում է առաջանում մոտս, որ ինձ թվում է՝ սոցիալապես անապահով խավն իրավունք չունի ապրելու: Նա մատաղացու գառ է՝ կուշտերի համար:

Գիտեմ,որ պետական որևէ ատյան չի արձագանքի, բայց զոհերին ճանաչողները թող թեկուզ գրառման կարգով բարձրաձայնեն՝ զոհերից կա՞ր մեկը, որ հացի խնդիր չուներ… Խնդրում եմ: Թեկուզ ավելի թեթև ապրելու համար:

Հասմիկ Բաբաջանյան

 hraparak.am

Այս նյութը դիտել են - 1915 անգամ