«Նատաշա՛ ջան, անորոշ է մնում մեզ համար, թե արդյո՞ք Մարտակերտում ձեր դպրոցն արդեն գործում է» /Գոհար Բադալյան/
Հարցը, որ ուղղված է ինձ, կարծում եմ` բոլորիս էլ հետաքրքրում է....
Սա մեծ մտահոգություն է մեզ համար, երբ մեր դպրոցի վեց հարյուր և ավելի աշակերտներից այս օրերին դպրոց են հաճախում շատ քիչ երեխաներ: Ամենևին նպատակ չունեմ իմ տեսակին խորթ ապատեղեկատվություն հայտնելու, բայց ասեմ նաև` որտեղ էլ ապաստան են գտել մեր աշակերտները, մեծամասամբ նրանք հաճախում են այնտեղի դպրոցները, իսկ ինչ վերաբերում է ուսուցիչներին, համարյա բոլորն էլ աշխատանքի մեջ են:
Արդյո՞ք կարող ենք մեղադրել ծնողներին կամ թեկուզ և ուսուցիչներին, թե ինչու բոլոր երեխաները չեն հաճախում դպրոց: Որքանո՞վ է այս օրերին ապահովված աշակերտների անվտանգությունը, առավել ևս մի սահմանամերձ բնակավայրում, երբ օրեր առաջ թշնամու կողմից հանկարծակի արկակոծվել էր, կամ երբ այս օրերին պատերազմի հետքերն են ուզում վերացնել` վերանորոգելով ավերված տները, իսկ այդտեղ նաև երեխաներ են ապրել:
Կարծում եմ` մեր երեխաներին առաջին հերթին հոգեբանի զգացողությամբ պետք է մոտենանք` նրանց հոգու ալեբածությունը հանդարտեցնելու համար, չնայած այս օրերին ո՛ր երեխայի էլ` փոքրից մեծ, հարցնում ենք, նրանք շրջապատում «վախկոտի» պիտակ չստանալու համար շատ վստահորեն ասում են, որ չեն վախեցել: Բայց սա այն բառը չէ, որ գործածում եմ, այն սարսափ է ահազարհուր, որ մարդուն մի պահ վերացնում է իրականությունից ու նորից ետ բերում իր նախկին կյանք` մի նոր գիտակցությամբ, որ այս պահին դու կաս, հաջորդ րոպեին կարող ես չլինել:
Ապրելու իրավունքն այս դեպքում վերաճում է, ինչ գնով էլ լինի, կյանքը փրկելու ճակատագրական մտասևեռման, քանի որ կյանքի այդ պայմաններում ամեն ինչ խառնվում է իրար: Մարդագիտության մեջ մի նոր մարդ է ծնվում, որ համառորեն կառչում է նաև հողից, որ փրկի այն, ազատ ապրելու իրավունքը գերխնդիր է դառնում, խլացնում մարդու մեջ ամեն ինչ, և մտածում ես միայն` մենք պետք է ապրենք, սա կամքն է բոլորիս, որ խաթարվել է հենց այդ նույն մարդագիտությունից զուրկ ոճրագործների կողմից:
Հենց այդ չլինելու գիտակցություն էլ մի նոր անսասան կամք է տալիս քեզ, որ ամուր, շատ ամուր կառչես այդ կյանքից, որ հանկարծ նա բաց չթողնի քեզ…Ու այսպես կառչած մեր կյանքին ու հողին ցավատանջ` ապրում ենք մենք` նաև այն գիտակցությամբ, որ տառապանքի մեջ անգամ մարդկային արժեքները պահպանելու ուժ պետք է գտնենք: Երևի դրանից ելնելով էլ` երբեմն ծիծաղում, երբեմն արտասվում, կատակում ենք անգամ, մեզանից անկախ` երբեմն նույնիսկ վախենում հանկարծ, միայն թե ապրենք: Եվ այս ապրելու գիտակցությունը մեզ օր օրի կոփում է այստեղ, ավելի շատ է սիրել տալիս այն հողը, որի համար արյուն է թափվել…
Եվ այսպես սկսում ենք ավելի շատ սիրել այն հողը, որը չնայած արկերի հարվածից ճաքճքել է, բայց այս օրերին էլ նրա վրա քայլող ճաքճքած սրտեր կան, ոգի կա այստեղ, ապրելու համառ կամք, միայն թե ապրենք ու ապրեցնենք հող հայրենին...Եվ այսքանից հետո, որպես դպրոցի ուսուցչուհի, ինձ իրավունք չեմ վերապահում ամենևին, որ ծնողին կամ նրա երեխային թելադրեմ իմ կամքը, որպեսզի երեխան դպրոց հաճախի...
Այս իրավիճակում դպրոց հաճախելու իրավունքն իրենցն է...
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի