ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը մտահոգություն է հայտնել Տուխունգա քաղաքում հայ ընտանիքի հասցեին հնչած սպառնալիքի առթիվ:
«Ատելության ակտը, որին այս շաբաթ ականատես եղանք Տուխունգայում, տեղ չունի մեր հասարակության մեջ, և ես խորապես մտահոգված եմ, որ ինչ-որ մեկը կարող է սպառնալիքներ ստանալ իր հայկական ծագման կամ իր տանը հայկական դրոշ կախելու համար:
Լեռնային Ղարաբաղում հայերի կյանքեր խլած բռնություններից հետո և շաբաթներ անց Հայոց ցեղասպանության ոգեկոչմանն ընդառաջ ատելության այս քայլը ավելի քան դատապարտելի է:Ուրախ եմ, որ Լոսանջելեսյան ոստիկանությունը հետաքննում է այս հանցագործությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է Շիֆը:
Հիշեցնենք, որ Տուխունգայում բնակվող Հասմիկ Չաթալյանը սպառնալիքներով երկտող էր հայտնաբերել իր տան փոստարկղում, որից հետո ոստիկանություն է դիմել:
Ամերիկաբնակ Հասմիկ Չաթալյանը ոստիկանության է դիմել հինգշաբթի ցերեկը` ընտանեկան փոստարկղում սպառնալից երկտողը հայտնաբերելուց հետո:
Երկու երեխաների մայրը պատմել է, որ դրոշը կախել է իր բնակարանից` ի հիշատակ զոհված հայ հերոսների: Ըստ Չաթալյանի երկտողում գրված է եղել. «Դուք կվնասվեք»:
«Սպառնալիքների ենթարկվել իմ սեփական տանը, դա ահավոր էր», -պատմում է Չաթալյանը:
Խուզարկուները երկտողը վերցրել են փորձաքննության ենթարկելու և մատնահետքերը պարզելու համար: Գործով հետաքննություն է սկսվել:
Այս նյութը դիտել են - 1690 անգամ