Երիտասարդ հանրապետական պատգամավորներից մեկը Ֆեյսբուքի իր էջում հատկանշական գրառում է արել: Նա խոստովանել է, որ Հայաստանի քաղաքական դասն անհուսալիորեն հետ է մնացել ժողովրդից եւ հիմա պետք է փորձի հասնել դինամիկ փոփոխությունների հետեւից:
Մինչեւ ապրիլյան պատերազմը գրվել ու խոսվել է, որ տարածաշրջանում իրադարձությունները կարող են զարգանալ անկանխատեսելի կերպով: Սակայն ապրիլի առաջին օրերին կարծես թե պայծառ լույս էր միացել, ամեն ինչ սեւ-սպիտակ է դարձել, եւ բոլորը հայտնվեցին իրենց ողջ մերկությամբ:
Հայաստանի քաղաքական դասը պատրաստ չէր այսպիսի դինամիկայի, եւ հասարակության բացարձակ համարժեքության լույսի ներքո դա ավելի քան պարզ է երեւացել:
Առաջին օրերին հասարակությունը դադարել էր քաղաքական դասին նկատելուց: Մարդիկ կամավոր ճակատ էին գնում, ինքնուրույն գումար հավաքում զենքի ու տուժածներին օգնելու համար: Իշխանությունները հազիվ էին հասցնում մարդկանց հետեւից:
Հետո եկավ երկրորդ ալիքը՝ կոշտ հարցերը եւ մեղադրանքները, որոնց այդպես էլ պատասխաններ չտրվեցին: Ինչու՞ հրամանատարը չի արձագանքել թշնամու տեղաշարժերի վերաբերյալ հետախուզության տրամադրած տվյալներին: Ինչու՞ է իշխանությունը թաքցրել, որ Ռուսաստանը Հայաստանին չի մատակարարել խոստացած ժամանակակից զենքը: Ինչու՞ է ամբողջ Երեւանը ծածկված տեսախցիկներով, իսկ շփման գծում պահածոյի դատարկ տարաներ են տեղադրված: Եվ վերջապես, ու՞ր են կողոպտված գումարները: Ո՞վ առաջինը կհրաժարվի իր առանձնատնից հօգուտ բանակի:
Խոստովանությունն առ այն, որ իշխանությունները հետ են մնացել ժողովրդից ու քաղաքական դինամիկայից, բավարար չէ: Նորմալ երկրներում անհամարժեքության խոստովանությանը հաջորդում է տրամաբանական քայլը՝ հրաժարականը: Սակայն Հայաստանում հրաժարականը ոչ թե տրամաբանական, այլ արտակարգ ու բացառապես հարկադրված քայլ է համարվում:
Պատգամավորը, ով խոստովանել է, որ իշխանությունները հետ են մնացել ժողովրդից, հավանաբար, պետք է առաջինն օրինակ ցույց տար ու վայր դներ մանդատը՝ հայտարարելով, որ տեղը զիջում է նրանց, ովքեր ավելի համարժեք են: Միգուցե նրան հաջորդեին քաղաքական դինամիկայի ճանապարհը խոչընդոտածները:
Հովիկ Աբրահամյանը Մոսկվայից վերադառնալուց հետո կարող է հրաժարական ներկայացնել: Էդվարդ Նալբանդյանը կարող է հայտարարել, որ անարդար է համարում իր հասցեին մեղադրանքները եւ նույնպես հրաժարական տալ: Ժամանակն է, որ թոշակի անցնի Յուրի Խաչատուրովը: Միհրան Պողոսյանը կարող է հայտարարել, որ օֆշորում փող չունի, սակայն սկանդալից հետո ավելի լավ է հեռանա: Հնարավոր է, ոմանց թվա, որ այս բարդ վիճակում հրաժարականը կարող է դասալքություն ընկալվել: Թող չանհանգստանան, ոչ ոք չի խնդրի նրանց մնալ մինչեւ լավ ժամանակներ:
Այս նյութը դիտել են - 1898 անգամ