Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը սկսել են հաճախ հանդիպել
2016-04-16 11:29:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շփումները սկսել են պարբերական բնույթ կրել: Ինչպես հայտնի է՝ քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին այցելել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի բնակարան, եւ մոտ մեկ ժամ նրանք զրուցել էին Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ հանդիպումից հետո Սարգսյանը եւ Տեր-Պետրոսյանը սկսել են շարունակական շփվել:

Ըստ նույն լուրերի՝ Սերժ Սարգսյանը հաճախակիող է զանգահարում Տեր-Պետրոսյանին` ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող զարգացումնները քննարկելու նպատակով: Այս լուրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանից եւ ՀԱԿ կուսակցության մամլո խոսնակ Արման Մուսինյանից:

«Հանրապետության նախագահի այցելությունների եւ հանդիպումների մասին պատշաճ կարգով եւ ժամանակին տեղեկացնում ենք»,- պատասխանեց Վլադիմիր Հակոբյանը: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը վերը նշված լուրերի իրական լինել-չլինելու վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Ես նման օդից վերցրած բաներ չեմ մեկնաբանում»»:

Այս նյութը դիտել են - 1309 անգամ