Ամենաուժեղ Գևորիկը
2016-04-16 02:02:00

Ծերեթելիի մանկական հիվանդանոցում էի, վերակենդանացման բաժանմունքի մոտակայքում նստած: Տասնյակից ավել հիվանդատեսներ էին հավաքված` մեկը ծնող, մյուսը տատիկ, հարազատներ և այլն:

Ահավոր էր բոլորի վիճակը, բոլորի աչքերը արցունքներից ու անքննությունից կարմրած: Բայց իմ և մնացած բոլորի ուշադրությունը մի կողմի վրա էր: Բոլորը հավաքվել էին փոքրիկ Գևորիկի տատիկի շուրջը, ով 80ի մոտ տարիքով կին էր ու իր երկու թոռներին բերել էր հիվանդանոց:

 Մեծը` Արմանը երևի 5 տարեկան կլիներ,թոքաբորբից երկու օր առաջ լավացել էր ու արդեն բավականին ակտիվ շբվում ու ընկերացել էր բոլոր հավաքված հիվանդատեսների հետ: Գևորիկ մեկ տարեկան էլ չէր լինի, թմբլիկ, բուլկի թուշիկներով մի հրաշք... Ինքը արդեն երկու օր վերակենդանացման բաժնում էր: 

Գևորիկի ու Արմանի հայրիկը ռուսաստաններում խոպան էր գնացել ու ինչ որ հանցագործության համար ձերբակալված էր: Գևորիկի մայրիկն էլ թողել էր երկու երեխաներին սկեսուրի խնամության տակ ու հեռացել անհայտ ու անժամկետ: 

Տատիկը որը պայքարում էր թե երեխաների ապրումների, թե բժիշկների անիմաստ, թղթաբանական քաշքշուկների դեմ, էդպես էլ երևում էր, որ հազիվ ապրում է այդ երկու հրաշքների համար... 
Բավականին վատ իրավիճակում էին ու գումար էլ չունեին նույնիսկ տուն վերադառնալու...  
Վերակենդանացման դուռը բացվեց ու բուժքույրը ներսից կանչեց Գևորիկի ծնողներին, տատիկը Արմանին թողեց արդեն ընկեր դարձած հիվանդատեսների մոտ ու շտապեց ներս...  
Քիչ անց լացակումած ու Գևորիկի հետ դուրս եկավ... Կարմիր թուշիկներով ու լավացած Գևոիիկը ժպտում էր...
Բոլորը մի պահ մոռացան իրենց երեխաների ցավերը ու ժպտացին այս փոքրիկին... Մեկն էլ մի փոքր տուփով սկսեց գումար հավաքել ու տատիկին ահագին գումար տրամադրեցին, բոլորը անխտիր մասնակցեցին...
Փոքրիկ Գևորիկը բոլորին համախմբեց ու մոռացնել տվեց վիշտը: Հերոս տատիկը, Արմանը հրաժեշտ տվեցին ու շնորհակալություն հայտնեցին հիվանդատեսներին, իսկ Գևորիկը իր արևոտ ժպիտը նվիրեց: 
Վստահ եմ էտ ժպիտով բոլորի երեխաները կլավանան ու իրենց ծնողների հետ կվերադառնան տուն... Իսկ Գևորիկն էլ երբեք չի մոռանա մարդկային բարեխղճությունն ու իր հերոս տատիկին.... 

Առողջություն բոլորի երեխաներին...

 

Այս նյութը դիտել են - 1682 անգամ