Այս գիշեր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա նռնակ էին նետել:
Ուսումնական նռնակ: Բնականաբար, պայթյուն չէր եղել ու ոչ ոք չէր վնասվել, առավել ևս, որ Քոչարյանը Մոսկվայում է: Սակայն ուշ գիշերից սկսած հասարակության արձագանքը հավասարազոր էր մի աղմկոտ պայթյունի: Բոլորը քննարկում են, ոմանք ափսոսում են, որ անհետևանք է եղել, ոմանք համոզված են, որ դա հենց Քոչարյանն է բեմականացրել, բայց և այնպես կատարվածը շարքային դեպքերից չէ և մարդիկ ցանկանում են հասկանալ, թե եղածն ինչ պիտի նշանակի:
Միջադեպից անմիջապես հետո ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում այսպիսի մի գրառում կատարեց. «Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակումը խստորեն դատապարտելի է: Ռազմաքաղաքական ստեղծված պայմաններում երկրի ներսում իրավիճակի ապակայունացման մեջ շահագրգիռ կողմեր կան: Հուսամ, կպարզվեն բոլոր հանգամանքները և հետաքննությունը կտա հարցերի պատասխանը»,- գրել էր նա:
Ակամա հիշում ես «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի դատավարության տեսարանը, երբ հերոսներից մեկը բացականչում է. «Դե, տղերքը սոված էին, երկու ոչխար էինք մորթել, ինչ ես կպել՝ գիտահետազոտական-միտահետազոտական...»: Հիմա Աշոտյանի ռազմաքաղաքականն է: Եղածը ոչ մի կերպ չի տեղավորվում այսքան մեծ շրջանակի մեջ, թեև ապակայունացման տեսանկյունից փոքր-ինչ մոտենում է ճշմարտությանը:
Իսկ ո՞ւմ է ձեռնատու այդ ապակայունացումը: Եթե դիտարկում ենք վերջին երկու շաբաթների ներքին զարգացումները, դարձյալ Քոչարյանից բացի այլ կերպար չի հայտնվում տեսադաշտում: Նա էր, որ նեղացել էր մոռացված լինելու համար: Նա էր, որ խիստ հայտարարություններ էր անում: Նա էր, ում սրտին մոտ չէին ծավալվող զարգացումները: Եվ հարցն այն մասին՝ նռնակը նետե՞լ են, թե՞ նետվել է, մնում է օրակարգում մինչև նոր բացահայտումներ: