Արա Աբրահամյանը իր նվիրած 100.000 դոլարի «առեղծվածի» պասը նետում է Հովնան արք. Տերտերյանի «դաշտը»... 2016-04-20 05:10:00
Վերջին օրերին հայաստանյան մամուլը իր «ուշադրության» կիզակետում է պահել Համաշխարհային Հայկական Կոնգրեսի, Ռուսաստանի Հայերի միության նախագահ՝ Արա Աբրահամյանի գործնեությունը: Լրատվական դաշտում շրջանառվում են այն խոսակցությունները, որ վերջինս Արցախին նվիրել է մեծ նվիրատվություն, բայց այն չի երևում խոշոր նվիրատուների ցանկում, և այն՝ որ Արա Աբրահամյանը լինելով Ռուսաստանի Հայերի միության նախագահ՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայերին այս կարևոր օրերին թողել է մենակ՝ անտեսելով իր «հեգեմոնի» որպես այդպիսին կարգավիճակը:
Նկատենք, որ Մալիշկայի Արան՝ հենց նույն ինքը Արա Աբրահամյանը, դեմոնստրատիվ պահվածք է որդեգրել, որպեսզի Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցները իր PR-ով զբաղվեն: Եթե անգամ նա ցանկանար, շատ գումար էլ ծախսեր, չէր կարողանա ապահովել իր անձի սեփական փիառը, այնպես, ինչպես այսօր, մամուլով և համացանցով կարելի է նրա անունը նկատել որպես խայտառակված անձ ՝ ամենաընթերցվածների ցուցակում:
Վերջապես, այս խայտառակություններից դուրս գալու համար, Համաշխարհային հայկական կոնգրեսի լրատվության բաժինը տարածում է հաղորդագրություն առ այն՝ որ Լոս Անջելեսում, ապրիլի 4-ին, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդը հանդիպումներ է ունեցել հայ համայնքի մի շարք ղեկավարների և բարերարների հետ, ովքեր ընդառաջելով նրա կոչին՝ իրենց զորակցությունն են հայտնել Արցախին և Հայաստանի Հանրապետությանը: Ժամերի ընթացքում հիմնադրամին է փոխանցվել շուրջ 300,000 դոլար գումար: Հրավիրված խորհրդին մասնակցել է նաև Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ով իր կողմից նվիրաբերել է 100.000 դոլար: Այս մասին մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ։ Տրամաբանական է, որ Արա Աբրահամյանի նվիրաբերած այդ գումարի հետ կապված հետագա հարցերը կարգավորվում են ոչ թե Համաշխարհային հայկական կոնգրեսի, այլ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի կողմից, և դրա ճակատագրի հասցեատերը հենց վերջինս է,- ասվում է այդ բոցաշունչ , հավատ չներշնչող հաղորդագրությունում:
Փաստորեն, ըստ իր մամլո հաղորդագրության ,հասկանում ենք, որ նա ապրիլի 4-ից առ այսօր իր նվիրած 100.000 դոլարի «առեղծվածի» պասը նետում է Հովնան արք. Տերտերյանի «դաշտը»:
Մի պահ մտովի պատկերացնենք, որ հայրենասիրությունից մղված միստր Աբրահամյանը, աղա է գտնվել և, իրոք, այդ գումարը փոխանցել է իրենց հաղորդագրության մեջ հիշատակվող հասցեին, ապա հարց է առաջանում, ինչո՞ւ է լռում հոգևոր դիվանի լրատվական ծառայությունը, չէ որ անցել է արդեն 13 օր և պետք է հրապարակվեր նվիրատուների ցանկը, ընդհանուր գումարը և այդ գումարի ճակատագիրը:
Տեղեկացնենք, որ ռուսաստանցի մեծահարուստը ապրիլի 2 -ից մինչ այսօր գտնվում է Լոս Անջելեսում: Նա ապրիլի 5-ին, մասնակցեց նաև Առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդեանց Մայր Տաճարում կատարվող Արցախում նահատակակվածների հոգեհանգստին:
Ամենակատակլիզմը այն էր, որ եկեղեցական արարողակարգի վերջում, Հովնան արք. Տերտերյանը, հատուկ շեշտադրությամբ շնորհակալություն հայտնեց Համաշխարհային Հայկական Կոնգրեսի, Ռուսաստանի Հայերի միության նախագահ՝ Արա Աբրահամյանին, իր ներկայության համար, այսինքն՝ ասել կուզեր՝ եկեղեցում ներկա գտնվողները հեչ, Արան՝ մեջ:
USArmenianews.com կայքը գուցե անդրադարձ չկատարեր այս ամենին, եթե Համաշխարհային հայկական կոնգրեսի լրատվության բաժնի տարածած մամլո հաղորդագրության վերջին տողերը լիրիկո ողբերգական, պամֆլեկտիկ, հոգի մաշող շեշտադրում չունենար: Այն է՝ «Այս ծանր օրերին մեր ժողովրդին անհրաժեշտ է միավորվել, այլ ոչ թե ավելորդ բամբասանքներ տարածել, ինչպես անում են որոշ մարդիկ։ Մենք պետք է ապահովենք սահմանի անվտանգությունը, այլ ոչ թե թիկունքում տուրք տանք բազմատեսակ խարդավանքներին»:
Պրն. Աբրահամյան, թույլ տվեք ասելու, որ, եթե, իսկապես հասկանում ու կարևորում էիք վերջին օրերին սահմանում կատարվածի լրջությունը, ապա ապրիլի 2-ից ոչ թե պետք է գտնվեիք Լոս Անջելեսում, այլ՝ որպես ՌՀՄ-ի նախագահ, պետք է լինեիք Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցների հետ՝ համակարգելու Արցախին աջակցելու մեծ գործընթացին:
Հարկ ենք համարում հանրությանը տեղեկացնելու, որ Արա Աբրահամյանի հերթական «հայտնության» նպատակը հայտնի է. եկել է հանդիպելու համայնքի մեծահարուստներին՝ վերջիններիս համոզելու, որ լոսանջելահայությունը ևս պետք է անցնի իր հերթական կուրացիայի տակ, ամերիկյան քաղաքական գործիչներին, կոնգրեսականներին, տեղի մեծահարուստներին համոզելու, ներծծվելու իր մշակած «ռուսական» գծի մեջ:
Դրա փաստը, ապրիլի 15-ին Downtown-ի California Club-ում իր նախաձեռնած բիզնես ֆորումն էր, որից հետո, նույն երեկոյան մեծ շուքով, տաշի տուշիով, նշել էր իր տարեդարձը, սփյուռքի «էլիտայի» հետ:
Նշենք, որ այս բոլորը ռուսական վերնախավով «շնչող» Մոսկվայի Արան անում է միայն մի նպատակով: «Դերեվյանի պարենը» երազում է «տիրանալ» 10 միլիոն հայությանը՝ դառնալու ալամ աշխարհի հայերի միության նախագահ, որպեսզի առաջիկա նախագահական ընտրություններում մեջքին «թիկունք» ունենալով առաջադրվի և ընտրվի ՀՀ նախագահի պաշտոնում: