Հրազդանի Միկրոշրջան տանող ճանապարհին մի խարխուլ տնակում միայնակ ապրող Վարդուշ տատն այսօր Hraparak.am-ի հետ զրույցում բողոքեց քաղաքապետի անարդար ու խտրական վերաբերմունքից:
Նա նշեց, որ քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը խտրական վերաբերմունք է ցուցաբերում աթարբեկյանցիների և Հրազդանի մյուս շրջանների բնակիչների միջև: Խտրական ու անարդար վերաբերմունքը, տատիկի պատմելով, ընտրակաշառք բաժանելու մեջ է:
Ըստ նրա` քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի կողմնակիցները բոլորին փող են բաժանել, որ Դանիելյանին ընտրեն, իսկ իրենց` աթարբեկյանցիներին, չեն բաժանել: Աթարբեկյանը կամ նոր անունով Վանատուր թաղամասը, Հրազդան քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանի ծննդավայրն է, այստեղ գրեթե բոլորը նրա կողմնակիցներն են: «Որպես աթարբեկյանցի` մեզի չտվին:
Տուն կա` 6-7 հոգի են, մարդա տաս հազար մանեթ տվել են` 70 հազար, իսկ մեզ չտվին` որպես աթարբեկյանցի, միթամ թե սասունական ենք: Էտ փողը թող ուղարկեր Ղարաբաղ էն առաջին գիծ կանգնած զինվորներին, ոչ թե ստեղ բաժաներ»,-դժգոհեց միայնակ ապրող տատիկը: Իսկ ինքն ուզո՞ւմ էր, որ իրեն էլ փող տային, կամ որ բաժանեին, կվերցնե՞ր, Վարդուշ տատիկն ասաց. «Ես չէի էլ վերցնի, ես էն արուն թափած զինվորի փողը չեմ ուտի»:
Հետո նորից բողոքեց խտրականությունից, բայց արդեն ոչ թե փող բաժանելու, այլ նույնիսկ այդ դեպքում մարդկանց մեջ տարբերություն դնելու համար: «Ինչի՞ ջոկողություն կանի, հայ չե՞նք, աթարբեկյանցին ո՞րն ա, մյուսը ո՞րն ա: Հայը հայ ա մնում»:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Այս նյութը դիտել են - 1343 անգամ