Երթ. Ազատություն Լևոն Հայրապետյանին...2016-04-18 00:57:00
Երեքշաբթի, ապրիլի 19-ին, ժամը 13:00-ին Հանրապետության Հրապարակի « Մարիոթ» հյուրանոցի մոտից կմեկնարկի երթ դեպի ԱԳՆ, հետո ՌԴ դեսպանատուն՝ ի պաշտպանություն հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի:
Մոսկվայի դատարանը օրերս հայազգի բարերար Լևոն Հայրապետյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման։
Գործարարը մոտ մեկ տարի անցկացրել է քննչական մեկուսարանում, ապա տնային կալանքի պայմաններում։ Նրա փաստաբաններն այն ժամանակ պահանջել են փոխել խափանման միջոցը՝ ներկայացնելով պաշտպանյալի ծանր առողջական վիճակի մասին վկայող փաստաթղթեր։ Հայրապետյանը հերքում է մեղադրանքը։
Հայրապետյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, չորս ինֆարկտ և երկու ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:
Այս օրերին, երբ Արցախը առավել քան կարիքն ունի իր բարերարի, դժբախտ պատահականությամբ նա կալանավորվում է: Ողջ հայ ժողովուրդը պահանջում է ամեն կերպ ազատ արձակել բարերարին: Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պահանջում ենք արտաքին գերատեսչությունից անհապաղ կապ հաստատել իրենց ՌԴ գործընկերների հետ և ամեն խողովակով փորձել հասնել Լևոն Հայրապետյանի ազատ արձակմանը:
ՌԴ իշխանություններից էլ պահանջում ենք դրսևորել առավելագույն օբյեկտիվություն և մարդասիրություն, վերանայել կալանքի պայմանները, հաշվի առնել հանրային արձագանքները և օբյեկտիվ վերաքննությամբ ազատ արձակել Լևոն Հայրապետյանին կամ էապես մեղմել սահմանված պատիժը:
Լևոնին Հայրապետյանին սատարող ՀՀ քաղաքացիներ
Այս նյութը դիտել են - 1758 անգամ