nyut.am-ը օրերս ևս մեկ բացահայտում արեց.
Հարկային մարմինները ստուգումներ են անցկացրել ԴԱՀԿ պետ, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին նախկինում պատկանող«Ինտերստրատոս» ֆիրմայում և բազմաթիվ չարաշահումներ են հայտնաբերվել: Հարկային մարմինները 400.000.000 (չորս հարյուր միլիոն) դրամի ակտ են գրել:
Ինչպես բոլորին է հայտնի, Միհրան Պողոսյանին միլիոնավոր դոլարներ է պարտք «Սթար» խանութների նախկին սեփականատեր Գևորգ Աֆանդյանը: Գեներալն այդ գումարների բռնագանձման պահանջով բազմիցս հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ. պարտքի մի մասը մարվել է:
Սնանկացած Գևորգ Աֆանդյանը չի կարողանում վերադարձնել մնացած գումարը: Վերջին դատական հայցով նրան պարտադրել են մարել 5 միլիոն 147 հազար դոլար:
Տեսնելով, որ Գևորգը չի տալիս իր փողերը, գեներալը նրան է տվել նախկինում իրեն պատկանող «Ինտերստրատոս» ՍՊԸ-ն: Նպատակը` այդ ֆիրմայով Աֆանդյանը պետք է վարկ վերցներ և փակեր պարտքը: Այդպես էլ արվել է: «Ինտերստրատոս»-ի միջոցով Աֆանդյանը 2 միլիոն դոլար վարկ է վերցրել և փոխանցել Միհրան Պողոսյանին: Բայց ինչպե՞ս, ի՞նչ հասցեով:
Տեղյակ աղբյուրի տվյալներով, Գևորգ Աֆանդյանը 2 միլիոն դոլարը փոխանցել է Պանամայի օֆշորային սկանդալում հայտնված «Բանջիոինվեստ» ֆիրմային, որը պատկանում է գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին:
Ի դեպ, Գևորգ Աֆանդյանը խիստ վախեցած է Միհրան Պողոսյանից` մտածելով, որ, բացի պարտքերը մարելու պահանջից, գեներալը կարող է նաև այլ կերպ նեղացնել իրեն: Այդ իսկ պատճառով նա անընդհատ շրջում է Սաշիկ Սարգսյանի հետ:
Նրան հաճախ կարելի է տեսնել«Անի» հյուրանոցի սրճարանում` Սաշիկ Սարգսյանի շրջապատում: Չար լեզուներն ասում են, որ Սաշիկի և Միհրանի հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն: Դրանից էլ ուզում է օգտվել Աֆանդյանը»:
Այս նյութը դիտել են - 1507 անգամ