Սերժ Սարգսյանն ասել է՝ բանակի համար կուլակաթափ չենք անի2016-04-19 01:07:00
Շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպմանը մի քանի կարեւոր հայտարարություններ են հնչել։ Սերժ Սարգսյանը կտրուկ փակել է թեման, ասելով, որ չի պատրաստվում կուլակաթափել իշխանական տարբեր տրամաչափի պաշտոնյաներին ու օլիգարխներին եւ այդ գումարներն ուղղել բանակի սպառազինությանը։
Նա եւ Սեյրան Օհանյանը վստահեցրել են, որ պաշտպանության բանակն ապահովված է ամեն ինչով։ Խոսվել է նաեւ բանակցային գործընթացի, Արցախի հետ փոխօգնության պայմանագրի, ԼՂ-ն բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու եւ այլ թեմաների մասին։ Սերժ Սարգսյանը հասկացրել է, որ այս փուլում Արցախը բանակցություններում ներգրավելու մասին դեռ վաղ է խոսելը, որովհետեւ հիմա դեռ պետք է Ադրբեջանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ։
Արցախի սահմանների հուսալի պաշտպանվածության, բավարար սպառազինության եւ նման կարգի հավաստիացումներից հետո ծնունդով ղարաբաղցի ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը հետաքրքրվել է, թե ինչն էր պատճառը, որ տեղի ունեցավ լայնամասշտաբ ներթափանցում, մեր հակահետախուզությունը չի՞ գործել։ Մեզ հետ զրույցում նա ասաց․ «Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ այդպիսի լայնամասշտաբ հարձակում սպասում էին, հրամանատարությունը նման ինֆորմացիայի տիրապետել է, զորքերի տեղաշարժման եւ այլն, եւ այլն»։
- Այդ դեպքում ինչո՞ւ էին 18 տարեկաններին միայնակ թողել դիրքերում, չհարցրի՞ք։
- Պարզապես այդպես լայնամասշտաբ պատերազմ, ինչպիսին թուրքերն էին պլանավորել... իրենց մտածածն է եղել մի տեղից ճեղքել, կամ պետք է ճեղքեին Հադրութի կամ Մարտակերտի ուղղությամբ...։ Դրա համար է անսպասելի եղել։ Մեր հետախուզությունն ունեցել է տվյալները, պարզապես մենք չենք սպասել, որ թուրքերն այդկերպ կվարվեն, մենք հերթական պրովոկացիային ենք սպասել, մեծ ուժերով հարձակումն անակնկալ է եղել, բայց ոչ այն աստիճանի, որ մերոնք լրիվ... հրամանատարները գործել են բոլոր կանոններին համապատասխան։
- Այսօր էլ մենք կորցրած դիրքեր ունենք, հարց եղա՞վ այդ մասին։
- Իմ տպավորությամբ՝ այդ դիրքերը, որոնք նրանք վերցրել են, ոչ մի ստրատեգիական նշանակություն չունեն։
- Սեյրան Օհանյա՞նը հայտարարեց այդ մասին։
- Էդ ես եմ ասում։
- Իսկ նախարարն ի՞նչ ասաց։
- Ես չգիտեմ նախարարը կոնկրետ ոնց ասաց, բայց ես այն կարծիքին եմ, որ այդպես է, եւ թուրքերը բոլորովին այլ պլան են ունեցել։
- Իսկ որեւէ ՀՀԿ-ական հարցրե՞ց, թե ինչպես է, որ մենք տարիներ շարունակ հայտարարել ենք, թե բանակի սպառազինությամբ ենք զբաղվում, մինչդեռ պարզվեց, որ 80-ականների զենքով ենք կռվել։
- Ախր, դա թյուրիմացություն է, ինչո՞ւ եք մարդու ասածն անընդհատ շահարկում։ Զենքեր կան, որ 47 թվին արտադրել են, էսօր արդիական են, հասկանո՞ւմ եք, նախագահի ասածը ճիշտ չեք հասկանում։ Ուղղակի ռուսներն իրանց ավելի արդիական զենք էին տվել, ու իրանք էլ կիրառում էին մեր դեմ։
- Բա ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը հայտարարում։
- Ես արդեն չգիտեմ, էդ ինձ մի հարցրեք, համենայնդեպս, թե որ թվի զենք ա եղել, 80-ական, 90-ական, թե 2016-ի, էդ զինատեսակներով մեր բանակը կարողացավ թշնամուն հետ մղել։ Ես ի՞նչ իմանամ, թե ինչու է նախագահը նման բան ասել։
- Իսկ որեւէ մեկը չհարցրե՞ց իրենից։
- Ես լիազորված չեմ ուրիշների հարցերի մասին խոսել։
- Այս օրերին կոչեր հնչեցին՝ կուլակաթափ անել իշխանության ներկայացուցիչներին, այդ գումարներն ուղղել սպառազինությանը, քննարկվե՞ց այդ հարցը։
- Նման բան չկա, չի լինելու, ով ինչքան կուզի, թող օգնի, դուք գիտեք՝ հաշվեհամար է բացվել, իսկ կուլակաթափության մասով նախագահը կատեգորիկ դեմ եղավ, մերժեց նման առաջարկները։
- Իսկ հարց եղա՞վ, թե ինչ է լինելու Արցախի խնդրի հետ, բանակցությունների գործընթացը ո՞ր փուլում է, թե՞ լուծման միակ ճանապարհը ռազմականն է։
- Մի բան պարզ դարձավ, որ բանակցային գործընթացից Ադրբեջանը հրաժարվում է, վիժեցնում է ցանկացած գործընթաց, ինքն այն կարծիքին է, որ հարցը լուծվելու է պատերազմի ճանապարհով։
- Ներկայացվե՞ց, թե ինչ փաստաթուղթ է քննարկվում, խոսակցություններ կան, որ երկու տարբերակ է քննարկվում. 7 տարածք ենք հանձնում՝ Արցախի կարգավիճակի դիմաց, կամ հինգը՝ միջանկյալ կարգավիճակով, որը որոշակի ժամանակ հետո կորոշվի հանրաքվեով։
- Ես ասացի այն, ինչ ասացի։ Նմանատիպ որեւէ քննարկում չի եղել, գուցե դա դիվանագիտական հարթությունում քննարկվող հարցեր են։ Անկախ որեւէ առաջարկից՝ Ադրբեջանը որեւէ տարբերակ չի ընդունում, նա ունի մեկ առաջարկ՝ Ղարաբաղն իր հարակից շրջաններով, ասում է, տվեք ինձ, նոր նստենք բանակցային սեղանի շուրջ։ Էդ մարդիկ ոչ Կազանի ձեւաչափ են ընդունում, ոչ մի բան։
- Այս դեպքում հնարավո՞ր է արագացվի Արցախի հետ փոխօգնության պայմանագրի ստորագրումը, հատկապես, որ Սերժ Սարգսյանը շաբաթներ առաջ է հանձնարարել փաստաթուղթը մշակել։
- Դա երկու օրում հո չե՞նք կարող մշակել, ընդամենը 10-20 օր է անցել, պիտի պայմանագիրը մանրամասն մշակվի, որ հետո քննարկենք, նոր ընդունենք։ Ինձ թվում է, որ այդ պայմանագիրն անպայման կլինի։
- Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին հայտարարություն եղա՞վ։
- Իմ խորին համոզմամբ, մինչեւ Արցախը բանակցային կողմ չհանդիսանա, համարում եմ, որ էդ բանակցությունները փակուղու մեջ են։ Չի կարելի մի ամբողջ ժողովրդի ճակատագիր որոշել, առանց իր մասնակցության։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։
- Պաշտպանության նախարարն ու Սերժ Սարգսյանն ի՞նչ կարծիքի են, պատրաստվո՞ւմ են այս ուղղությամբ քայլեր անել։
- Այդ հարցը չենք քննարկել, բայց բոլորը, ցանկացած հայ մարդ է այն կարծիքին, որ Արցախը կողմ դառնա, աքսիոմատիկ ճշմարտությունը չեն քննարկում ընդհանրապես։
- Իսկ հետաքրքիր է՝ անկուսակցական նախարարն ինչո՞ւ է հաշվետու լինում ՀՀԿ-ականների առջեւ եւ ոչ, ասենք, կառավարության կամ գոնե ԱԺ-ի։
- Ես չգիտեմ, երեւի, որ ՀՀԿ-ն է պատասխանատու քաղաքական կուրսի համար։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
hraparak.am
Այս նյութը դիտել են - 2167 անգամ