Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը վերադարձել է. Նույնիսկ խոսում է. Նույնիսկ դատողություններ է անում
2016-04-19 14:45:00

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը վերադարձել է: Նույնիսկ խոսում է: Նույնիսկ դատողություններ է անում:

Իհարկե, կրկին իր ոճի մեջ: Ու կրկին շարունակում է մեզ բոլորիս զարմացնել: Ի պաշտոնե հանրապետության երկրորդ դեմքն, օրինակ, կարող է հայտարարել, թե ինքը տեղյակ չէ՝ իրականում ինչո՞ւ է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը հրաժարական ներկայացրել:

Սրանից անտեղյակ Գալուստը փոխարենը խոստովանել է, որ «աշխատանքային փոխհարաբերություններ է ունեցել Պողոսյանի հետ», իսկ հետո հավելել է, որ այդ կառույցը վերջին տարիներին շատ լավ էր աշխատում:

ԱԺ նախագահի համար դժվար է խոստովանել, որ Քեթրինի Միհրանի ճակատագիրը որոշելիս իր կարծիքը ոչ ոք չի հարցնելու, և քանի որ խարխափում է անտեղյակության մեջ, այդ պատճառով էլ տհաճ կացությունից խուսանավելիս արտասանում է անհեթեթության աստիճանի հասնող զավեշտալի մտքեր: Օրինակ, ասում է, թե չի կարելի պաշտոնաթող մարդու մասին կարծիքներ հնչեցնել: Կամ իրեն դնում է միամիտի տեղ՝ իբր թե չի հասկանում, թե լրագրողներն ինչի մասին են հարցնում ու ակնարկում և պնդում է. «Մարդիկ իրենց բիզնեսն ունեն ու կարողանում են հարստանալ, չեմ կարծում, որ դա ամենավտանգավոր բանն է, որ մարդը հարստանում է, ու նրան պետք է պատժել»:

Այն, որ խոսքը հարստանալու ձևերի մասին է, և որ ինչպես Քեթրինի Միհրանը, այնպես էլ Գալուստ Սահակյանն ու իր որդին հազիվ թե հալալ քրտինքով են վաստակել իրենց միլիոնները, սա ԱԺ նախագահը հասկանալ չի ցանկանա: Նախ, որովհետև նոր է դուրս գրվել հիվանդանոցից, և հետո էլ ձեռնտու չէ այդպիսի բաներ հասկանալը:

Զայրացուցիչը միայն այն է, որ այս բոլորից հետո Գալուստ Սահակյանը դեռ կարող է հայտատարել. «Եթե գործունեությունը հակասի օրենսդրությանը, ապա ոչ միայն ինքը, բոլորը պետք է պատասխան տան»:

Զայրացուցիչ է, երբ օրենսդրությունն ու բժշկությունը այդքան թերացել են նրա հարցում:

shame.am

Այս նյութը դիտել են - 1230 անգամ