Տրորել են Արմեն Աշոտյանի կոշտուկը....
2015-12-11 00:55:00

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը չմեղմվող ցավեր ունի: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պինդ է տրորել նրա կոշտուկը, և Աշոտյանը ոչ մի գնով չի հանդարտվում: Այսօր էլ, խորհրդարանի քննարկումների ժամանակ, նա հանկարծ վերհիշեց ՄԻՊ-ին ու գրոհեց նրա ստվերի վրա: Ի՞նչ էր նախարարի ասածը: «Ամեն մեկը, ով ունի հարևանի երեխա, որը գնում է դպրոց, առավոտյան սուրճի բաժակի շուրջ այդ երեխայի մայրը ինչ-որ բան է պատմում դպրոցից ու կարծում է, որ ինքը լիարժեք տիրապետում է այդ ոլորտին, համարյա մասնագետ է: Մենք ամենահանրայնացված ոլորտն ենք, ու այդպես էլ պետք է լինի, բայց մյուս կողմից՝ որևէ մեկն իրեն չի վերապահում լիազորություն սուրճի բաժակի շուրջ քննարկի՝ արդյոք կույրաղիքի որդանման ելուստի հեռացման ժամանակ ներարկված անեստետիկի քանակը ճիշտ է, թե՞ ոչ»,- բորբոքված բացատրում էր նա:

Արմեն Աշոտյանն իրավացի է, բայց միայն կույրաղիքի մասով: Իսկ ինչ վերաբերում է կրթական ոլորտի նկատմամբ պահանջներին, ապա յուրաքանչյուր ծնող և յուրաքանչյուր աշակերտ ունի իրավունք պահանջելու այն, ինչն Աշոտյանին ու նրա ղեկավարած հաստատությանը ոչ մի գնով չի հաջողվում տալ:

Գալով ՄԻՊ-ի խնդրին նկատենք, որ Աշոտյանն այս դեպքում ուղղակիորեն խեղաթյուրում է փաստերն ու զբաղվում է դեմագոգիայով: Կարեն Անդրեասյանը ոչ թե գնահատականներ է հնչեցրել կրթական ոլորտի մասին, այլ պարզապես Աշոտյանից պահանջել է կատարել իր պարտականությունները և թույլ չտալ օրենքի խախտում: ՄԻՊ-ն ահազանգել էր, որ ծայրահեղ վատ պայմաններում է գտնվում ԿԳՆ ենթակայության տակ գտնվող Երևանի թիվ 16 հատուկ դպրոցը‚ որտեղ սովորում է առողջական կամ տեսողական լուրջ խնդիրներ ունեցող 209 երեխա‚ որոնցից 80-ը գիշերում են այնտեղ: Իսկ սա ոլորտի գնահատական չէ, սա սոսկ հայտարարություն է պարտականությունների թերացման մասին: Եվ քանի որ Անդրեասյանի ահազանգը համապատասխանում էր իրականությանը, այդ պատճառով էլ Աշոտյանը կատաղել է ու հայտնվել մի վիճակում, որի պարագայում արդեն կարելի է խոսել եթե ոչ կույրաղիքի, ապա հաստատ այն մասին, որ նշմարվում են շարժողական, զգայական, վեգետատիվ, մտածոկան և կամ հոգեկան գործառույթների խանգարումներ, որոնք կարող են առաջանալ գլխուղեղի կեղևում նյարդային գերլարման առաջացման արդյունքում: Այսքանը բժիշկ Աշոտյանը հաստատ կհասկանա:

 Նյութի աղբյուրը՝shame.am






Այս նյութը դիտել են - 1972 անգամ