Ղարաբաղում Բակո Սահակյանին կոչ են անում չհանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ
2016-04-20 02:46:00
Կոչ եմ անում Բակո Սահակյանին չհանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

Այսօր ԶԼՄ-ում տեղ գտած տեղեկատվության համաձայն, շուտով հնարավոր է կայանա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը ՀՀ պաշտոնաթող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Դիմելով Բակո Սահակյանին, կոչ եմ անում չհանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, քանզի այդ հանդիպումը դրական հետևանքներ չի կարող ունենալ, հակառակը՝ ավելի կսրի իրավիճակը:

Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք էլ չի թաքցրել, որ իր տեսակետները ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ չեն փոխվել: Ըստ Տեր-Պետրոսյանի առանց ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարա­բե­րու­թյունների կարգավորման՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը: Իսկ լուծման տակ նա հասկանում է միակողմանի զիջումներ առանց հայկական կողմի համար որևէ մի էական տեղաշարժի:

Ավելին, վերջերս նրա ակտիվացումը քաղաքական դաշտում պայմանավորված է ոչ թե նրա մտահոգությամբ Ղարաբաղի ապագայի վերաբերյալ, այլ ներհայաստանյան քաղաքական գործընթացներում իշխանությունների հետ համագործակցության եզրեր գտնելու միտումով:

Հաշվի առնելով վերոնշյալը, կոչ եմ անում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին չհանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ոչ հրապարակայնորեն, ոչ էլ գաղտնի, այլ կենտրոնանալ Արցախի տնտեսության և ռազմական ներուժի զարգացման վրա:

Բոլոր նրանք ովքեր համամիտ են ինձ հետ նույնպես կարող են միանալ իմ այս կոչին: 

Լեոնիդ Հայրապետյան

Ստեփանակերտ , 19 ապրիլի, 2016թ.

Լեոնիդ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1726 անգամ