Անիծվի պատերազմը, որ մեր հոգում էլ այսքան ավերածություններ բերեց... 2016-04-20 13:27:00
7-րդ դասարանում եմ, քիչ են դպրոց հաճախող աշակերտները, բայց լրջություն կա դեմքներին: Ուշադրությանս արժանացավ Արեգ Ստեփանյանի գրածը. որքա՜ն հասունացած եմ տեսնում նրան…Հապճեպ կարդում եմ տողերը, նորից առաջարկում` շարունակել միտքը, որ հորձանք է տվել հոգում:
«Իմ հայրենի քաղաքն ընկղմվել էր խաղաղ նիրհի մեջ: Հանկարծ այդ անդորրը խախտվեց թշնամու արձակած արկերից: Մենք սարսափած վեր թռանք...
Ես պատերազմի մասին լսել էի ծնողներիցս, այդ պահին նրանց դեմքին տագնապ ու ցավ տեսա...
Ուրեմն նորից պատերազմ է... Արկերը հարվածում և ավերում էին իմ ծննդավայրը: Պետք էր լքել հայրենի Մարտակերտը: Հայրս մեզ տեղափոխեց մեկ ուրիշ տեղ` բարեկամուհու տուն: Չորս օր տևեց այդ անիծված պատերազմը, զոհվեցին զինվորներ, խաղաղ բնակիչներ ու կամավորագրված առաջամարտիկներ: Ոտքի էր ելել ողջ հայությունը: Մեր քաջ տղաները կասեցրին թշնամու առաջխաղացումը: Իմ հարազատ դպրոցն էլ վնասվեց, ու լռեց զանգը:
Մեր ծնողները նորից վերապրեցին այս պատերազմը, իսկ բոլոր երեխաները, իմ կարծիքով, մի քանի տարով շուտ մեծացան: Մենք հասկացանք, որ թշնամին ստոր է, նա կարողացավ երեխայի սպանել, ծերունիների խոշտանգել, զինվորների գլխատել... Շատ սարսափելի է, մենք համոզվեցինք նաև, որ պետք է միասնական, զգոն և ուժեղ լինենք, իսկ թշնամու հետ խոսենք իր լեզվով, որ ի վերուստ ազգիս տրված չէր:
Սահմանը պահող մեր տղաները առյուծասիրտ ոգով հավերժացրին իրենց սխրանքները, նրանք մեր օրերում դարձան Հայկի, Տիգրան Երկրորդի, Պապ թագավորի, Վարդանի…, մեր նախնիների արժանի սերունդը...Ես հպարտ եմ հայ առյուծներով, նրանք հիմա էլ սահման են պահում, որ մեր հրետակոծված Մարտակերտում նորից կյանքը շարունակվի:
Այս օրերին նորից հնչում է իմ հարազատ դպրոցի զանգը, ճիշտ է, քիչ են աշակերտները, բայց հուսով եմ, որ բոլորը նորից կվերադառնան, և կշարունակենք մեր կիսատ թողած խաղերն ու դասերը: Երանի նորից չտեսնենք այն, անիծվի պատերազմը, որ մեր հոգում էլ այսքան ավերածություններ բերեց....»:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ
դպրոցի
հայոց լեզվի և գրականությա ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 2339 անգամ