Հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ բանակցելու այլընտրանք չունեն, համոզված են Վաշինգտոնում: Փորձառու ամերիկյան դիվանագետ, իսկ այժմ ազդեցիկ փորձագետ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլարիչի կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի.
«Այս քառօրյա պատերազմը մեկ բան հաստատ ցույց տվեց, այն է, որ ռազմական գործողություններն այս խնդիրը չեն լուծի: Դրանց միջոցով հնարավոր է միայն մարդկային կյանքեր խլել, իսկ մենք ուղղակի չենք կարող դա թույլ տալ»:
Կազլարիչի խոսքով, Միացյալ Նահանգներն առաջին իսկ օրվանից սատարել է խնդրի խաղաղ կարգավորումը, սակայն, համաձայնության հասնելը հենց կողմերի գործն է.
«Չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները պետք է կամ կարող է որեւէ տարբերակ պարտադրել»:
Ու թեեւ կարգավորման տարբերակներ ԱՄՆ-ը չի պարտադրում,հրադադարի ռեժիմն ու խաղաղության պահպանումը՝ հանուն մարդկանց կյանքերի փրկության, որոշ դեպքերում կարելի է ու անհրաժեշտ է պարտադրել.
«Որոշ պահի միգուցե կարիք լինի պարտադրել հրադադարի պահպանումը, պարտադրել խաղաղարար ուժերի ներկայությունը եւ ճնշում գործադրել կողմերի վրա, որպեսզի նրանք հանդիպեն եւ քննարկեն հնարավոր կարգավորման տարբերակները: Սակայն պետք է հիշել, որ նույնիսկ նմանտարբերակները երկու կողմերից էլ քաղաքական փոխզիջում են պահանջելու»:
Փոխզիջման դեպքում, ըստ փորձագետի, կողմերից եւ ոչ մեկը չի հասնելու իր ընտրածնպատակին։ Այսպիսով, փոխզիջմամբ հակամարտությունը կարգավորելու համար բոլոր կողմերի ղեկավարներին անհրաժեշտ է աշխատել սեփական երկրների հասարակությունների հետ: Սակայն հակառակ սրան, նկատվում է հակամարտության հետագա սրացում:
«Չեմ կարծում, որ սա կարելի է հենց այնպես, հեշտությամբ անջատել ու միացնել: Իմ համոզմամբ, հրադադարի պահպանումը լուրջ աշխատանք է պահանջելու», - նշում է Կազլարիչը:
Փորձագետի խոսքով, արդեն մեկ տարի է, ինչ ղարաբաղյան հակամարտությունը վտանգավոր ուղով է զարգանում եւ աստիճանաբար ավելի է սրվում: Ռիչարդ Կազլարիչը նշում է, որ վերջին պատերազմը պետք է կարեւոր ազդանշան լինի ե՛ւ համաշխարհային հանրության, ե՛ւ կողմերի առաջնորդների համար, որպեսզիիրավիճակը դուրս բերվի պատերազմական ուղուց:
Այս նյութը դիտել են - 1356 անգամ