Կյանքի հարուցած տագնապներին դիմագրավելու համար մի նոր հենարան եմ փնտրում, գունագեղ աշխարհ եմ երազում, լուսաբացի գարնան ավետաբեր շունչն եմ գրկում, բայց ձեռքիս հայտնված տողերը նորից ինձ բերում են իրականություն: Սերնդի ճակատագրի համար մտահոգ` հայացքս փախցնում եմ տողերից, և փնտրում մեկ այլ լուսավոր տող, բայց նորից ինձ են հառնում թախծոտ ու մեղմ հայացքներ, ու նրանց խոսքերում մի նոր տառապանք եմ տեսնում:
«Պատերազմ…Չէի հավատում, կարծես անզգայացա, փշաքաղվեցի, արցունքներս թափվում էին` ինձանից անկախ…Մայրս ինչ-որ բաներ էր վերցնում, ես դեռ ուշքի չէի գալիս, չէի հասկանում, թե ինչ է կատարվում, հոգումս դատարկություն էի զգում: Մենք գնում էինք գյուղ…Ճիշտ է, իմ մասնագիտությունն արդեն ընտրել էի, բայց չնայած հուզված էի, այդ պահին գյուղ գնալու փոխարեն, եթե հնարավորություն լիներ` բարձրանալ դիրքեր, մի վայրկյան անգամ չէի հապաղի»/Հովսեփյան Լիլիթ, 11-րդ դաս./:
«Թե ինչ էր պատերազմը, այդ օրերին իմացա: Կարելի է ասել` մենք չկայինք այդ օրերին, եղբայրս էլ կռվում էր, բայց ամեն զոհի հետ մենք էլ էինք մահանում, եղել են պահեր, որ հուսահատված ցանկացել եմ մեռնել, քան այսքանը լսել մեր խոշտանգված զինվորների մասին»/Ավետիսյան Ալինա, 7-րդ դաս./:
«Պատերազմն ինձ համար մղձավանջ էր, որի ժամանակ անընդհատ մտածել եմ սահմանին կանգնած մեր առյուծասիրտ տղաների մասին, բայց երբ իմացա, որ մարդկային կորուստներ կան, ու բնակավայրս ավերում են, վրիժառությամբ լցվեցի` երանի թե հնար լիներ` ազգովի վերացնել նրանց»/Խաչատրյան Արսեն, 6-րդ դաս/:
«Ապրիլի 2-ին, երբ պայթյուններից արթնացա, չէի հասկանում, թե ինչ է կատարվում, մի կողմից էլ դրանք սովորական էին դարձել մեզ համար: Բայց երբ հայրս ընկճված մտավ տուն, հասկացանք լրջությունը: Թշնամին չէր հանգստանում, իսկ մենք փրկություն էինք ուզում, մահաբեր արկը մեզ հասավ նույնիսկ մինչև մոտակա գյուղը, որտեղ պատսպարվել էինք գետնափոր նկուղում: Չէի հասկանում, թե ինչ է կատարվում, միայն հիշում եմ, որ լացում էի…Այդ օրերի ընթացքում ես իմացա, թե ինչ է պատերազմը…Հիմա վերադարձել եմ իմ բնակավայրը և նորից դպրոց եմ հաճախում, խաղաղ կյանք եմ երազում, որ հանգիստ ապրենք մեր հայրենի հողում»/Հովհաննիսյան Մերի, 6-րդ դաս./:
Մի պահ լռում եմ, չեմ ուզում կարդալ իմ աշակերտների տողերը ցավոտ, բայց խաղաղ կյանքի երազանքով լի` փորձում եմ գտնել հույսի մի ճրագ, մարդկայնության բարձր օրենքը պատվար եմ դարձնում, փրկությունը դառնում է հավատ, ու մեկ էլ հանկարծ խիղճ է նա դառնում, որ վերադառնա աշխարհին համայն, և մարդկությունն էլ իշխի ամենուր, ու նոր հայացքով նայեն Արցախին:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 1842 անգամ