ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վրդովված էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությունից, որով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը փորձ էր արվում կրոնական բնույթ տալ:
Չավուշօղլուն, հիշեցնենք, իսլամական պետություններին համերաշխության կոչ էր արել: Հիմա Շարմազանովը հորդորում է եվրոպական, ամերիկյան ու ռուսական քաղաքական գործիչներին շատ զգույշ լինել և գիտակցել դրա ողջ լրջությունը, այլապես բավական վտանգավոր զարգացումներ կլինեն: «Այս պանթուրքիստական գործոնը չպետք է նույնացնել մահմեդականության հետ, իսլամական աշխարհի երկրները, որոնց հետ Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունի, չպետք է տրվեն այս սադրանքներին»,- ասում է ԱԺ փոխնախագահը:
Սակայն Շարմազանովին հարկադրված ենք տխրեցնել՝ տեղեկացնելով, որ նա ստիպված է լինելու պայքարել ոչ միայն արտաքին, այլև ներքին այլախոհության դեմ: Իսկ այս հարցում նա կարող է ունենալ բավականին համառ ընդդիմախոս՝ հանձին հայ եկեղեցու:
Այսպես, օրերս Արագածոտնի թեմի առաջնորդի քարտուղար և Տեղերի Սուրբ Աստվածածին վանքի հոգևոր տեսուչ Արման սարկավագ Ահարոնյանը, թերևս վերարտադրելով մեր եկեղեցու պաշտոնական տեսակետը, ասել է, որ վերջին մարտերը ոչ միայն հողի, սահմանային գծի, այլև կրոնական պատերազմ էին:
Իսկ այս պնդումները բոլորովին չեն բխում ոչ Շարմազանովի և ոչ էլ Հայաստանի արտաքին քաղաքականության շահերից: Մնում է միայն հասկանալ Մայր Աթոռի որդեգրած համոզմունքների փաստական հիմքը, որն այնքան մոտ է Մեվլութ Չավուշօղլուի կարծիքին ու նաև պարզել, թե ինչպե՞ս է պատահում, որ պետությունն ու եկեղեցին սկզբունքորեն տարբեր դիրքորոշում ունեն կարևորագույն հարցերի մասին՝ գլխացավանք ստեղծելով ոչ միայն Շարմազանովի համար:
Այս նյութը դիտել են - 1221 անգամ