Երկրագնդի կլիմայի փոփոխության ազդեցությունը դանդաղեցնելու և հասցված վնասի մի մասը ուղղելու նպատակով մի շարք պետությունների առաջնորդներ այս շաբաթ պատմական քայլ են կատարելու ՄԱԿ-ում՝ ստորագրելով Փարիզում մշակված կլիմայի համաձայնագիրը:
Ուինսթըն անունով հսկայական ցիկլոնը, փետրվարին հարվածելով Ֆիջիին, խլել էր 44 մարդու կյանք և հասցրել մեկ միլիարդ դոլարի վնաս: Ֆիջիի վարչապետ Հոսայա Բեյնիմարաման մտահոգություն է հայտնել այն մասին, որ Ուինսթընի նման եղանակային իրադարձությունների թիվը աստիճանաբար աճում է, և որ անհրաժեշտ է հասկանալ, թե այն ինչպես է անդրադառնալու ներկա և ապագա սերունդների վրա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն էլ իր հերթին խոշորագույն պետությունների առաջնորդներին բազմիցս քաջալերել է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
«Մեր Երկիր մոլորակը փրկելու միակ միջոցը դա է»:
Նախորդ տարվա դեկտեմբերին մի շարք պետությունների առաջնորդներ Փարիզում մշակեցին համաշխարհային ջերմացման աճը մոտ 2 աստիճանով նվազեցնելու համաձայնագիր:
Համաձայնագիրը ուղի է բացում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման համար, ներառելով վերականգնվող էներգիայի օգտագործումը:
Այս շաբաթ Նյու Յորքում ավելի քան 130 երկրների առաջնորդներ համաձայնագիրը ստորագրելով՝ կանեն իրենց առաջին քայլը դեպի իրենց պարտավորությունների իրականացումը: Այնուհետև այդ պետությունների կառավարությունները համաձայնագիրը պետք է վավերացնեն:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության աջակցման խմբի տնօրեն Սելվին Հարթի խոսքերով, որպեսզի Փարիզի համաձայնագիրը սկսի գործել, անհրաժեշտ է երկու հիմնական նախադրյալ:
«Առաջին հերթին, Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի համագումարի առնվազն 55 մասնակից պետություններ պետք է վավերացնեն համաձայնագիրը, և երկրորդ՝ այս 55 կամ ավելի պետությունները պետք է կազմեն համաշխարհային ջերմոցային գազերի արտանետման 55 տոկոսի կրողները»:
Այս նախաձեռնության հաջողության գրավականները Չինաստանն ու Միացյալ Նահանգներն են, որոնք պատասխանատու են համաշխարհային արտանետումների 40 տոկոսի համար: Համաձայնագրի վավերացման նշանակված վերջնաժամկետը 2020 թվականն է։ Սակայն եթե մասնակից պետությունները կամենան, գործընթացը կարող է սկսվել այս տարվա վերջին կամ 2017 թվականի սկզբին: