ԱՄՆ-ի 20 դոլարանոց թղթադրամի վրա երկրի պատմության մեջ առաջին անգամ հայտնվելու է աֆրիկյան ծագումով կին ամերիկացու պատկեր:
Աֆրիկյան ծագումով ամերիկացի Հարիեթ Թաբմանը Միացյալ Նահանգների պատմության խոշորագույն դեմքերից է: 1849 թվականին, վտանգելով իր կյանքը, նա փախել է ստրկությունից: Հասնելով Ֆիլադելֆիա՝ Թաբմանը միացել է «Ստորգետնյա երկաթուղի» կոչվող շարժմանը, որը հետախուզման մեջ գտնվող ստրուկներին հարավային նահանգներից գաղտնաբար դեպի հյուսիս տեղափոխելու մի համակարգ էր: Թաբմանը հրաշալի գիտեր տեղանքը, կարողանում էր կողմնորոշվել, աստղերի օգնությամբ անցնել անտառներն ու ճահիճները: Նա հարյուր հազարավոր ստրուկների առաջնորդել է դեպի ԱՄՆ-ի հյուսիսային նահանգներ ուր ստրկությունը վերացվել էր:
Շուտով Միացյալ Նահանգների 20 դոլարանոց թղթադրամի վրա Նախագահ Էնդրյու Ջեքսընի պատկերի փոխարեն կհայտնվի Հարիեթ Թաբմանի դիմանկարը: Նա կլինի աֆրիկյան ծագումով առաջին ամերիկացին, ում պատկերը կհայտնվի ԱՄՆ-ի թղթադրամի վրա, և առաջին կինը, ում պատկերը վերջին 100 տարիների ընթացքում երբևիցե հայտնվում է թղթադրամի վրա:
Էնդրյու Ջեքսոնը, ով ներկայումս պատկերված է 20 դոլարանոց արժույթի վրա, եղել է ԱՄՆ-ի 7-րդ նախագահը: Նա պատասխանատու է 1830 թվականին հնդկացիների տարհանման ակտի համար, որը ստացել է «արցունքների արահետ» անվանումը։ Այդ տեղահանման հետևանքով հազարավոր տեղաբնիկ ամերիկացիներ են զոհվել:
Այս կապակցությամբ ԱՄՆ-ի քաղաքացիների կարծիքները բավականին հակասական են:
Վաշինգտոնի բնակիչ Նենսի Լեբարոն ասում է,- «Ես ուրախ եմ, որ Հարիեթ Թաբմանի պատկերը լինելու է 20 դոլարանոց թղթադրամի վրա: Արդեն ժամանակն է, որ հենց աֆրիկյան ծագումով ամերիկացի կնոջ կամ որևէ այլ փաքրամասնության ներկայացուցչի պատկեր լինի մեր դրամի վրա:
Մերիլենդի բնակիչ Չաք Բարենի խոսքերով,- «Ես այս փոփոխության կողմնակիցը չեմ: Դա նույն բանն է, ինչ ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի նկարը մեկ այլ նկարով փոխարինեն»:
Վիրջինիայի բնակիչ Ջասմին Ջեֆֆերսոնն էլ ասում է,- «Ես շատ եմ ոգևորված: Փոքրամասնության ներկայացուցիչները ներկայացված չեն մեր թղթադրամներից որևէ մեկի վրա, սա ողջունելի առաջընթաց է»:
Չորեքշաբթի օրը, հանդես գալով Թաբմանի վերաբերյալ հայտարարությամբ, ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեք Լյուն չի նշել, թե երբ է նոր թղթադրամը շրջանառության մեջ դրվելու: