«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Ֆեյսբուքում նոր գրառում է կատարել:
Նա գրել է. «Օֆշորային կողոպուտները Հայաստանի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներից են: Վերջին տարիներին Հայաստանում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների շուրջ պտտվում են տարբեր օֆշորային գոտիներում ապօրինի տնտեսական գործունեություն ծավալելու և միլիարդների հասնող կապիտալ, անշարժ գույք կուտակելու փաստերի մասին լուրեր:
Միջազգային ֆինանսական մոնիտորինգի կառույցներն արդեն իսկ հայտարարել են վերջին 10 տարում ավելի քան 9.8 մլրդ. դոլարի ապօրինի հոսքի մասին: Ապօրինի գանձագողությունը գերազանցում է Հայաստանի բյուջեն քանիցս: Սա խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ժողովրդից ու պետությունից գողացած գումարները հետ վերադարձնելու համար, մեղավորներին հայտնաբերելու և պատժելու համար»:
Այնուհետև Բաղդասարյանն իբրև թե բացատրում է՝ ինչ բան է օֆշորը, դա համադրում է Հայաստանի ծանր սոցիալական դրության հետ, խոսում է արտաքին վտանգների մասին, հայտարարում է, որ Հայաստանը բարձր աստիճանի կոռումպացված երկիր է և կրկին կոչ է անում համառ հետևողականություն ցուցաբերել՝ միլիոնավոր դոլարների ապօրինի արտահոսքը կանխելու համար:
Եվ այս ամբողջ երկար-բարակ բարոյախրատական տեքստի հեղինակը երկրի գլխավոր թալանչիներից մեկն է, որի ահռելի ունեցվածքը օրինականության որևէ երաշխիք չունի: Այս կոչի հեղինակը մի մարդ է, ով տարիներ շարունակ բարձր պաշտոններ էր զբաղեցնում իշխանության ներսում և բազում լծակներ ուներ իր հիշատակած գումարների գոնե մի մասը ետ վերադարձնելու, կողոպտիչներին պատժելու, հանցագործությունները բացահայտելու համար:
Եվ վերջապես, սա այն մարդն է, որ ձայն-ծպտուն չհանեց նախորդ օֆշորային սկանդալների ժամանակ, երբ դրանց մասնակից էր նաև երկրի վարչապետը, ու միայն հիմա է վերհիշել, որ այդպիսի բան է պատահել: Մի խոսքով, սա Արթուր Բաղդասարյանն է՝ հավատարիմ իր ձևին, իր գործելաոճին, իր բացակա բարոյականությանը, իր կարմիր կաշվին, որ երբեք չի փոխելու: