Ազգային խայտառակություն Արթուրիկը հաշվի՞, թե՞ Արթուրիկին հաշվեն...
2016-04-22 00:43:00

Երբ ՕԵԿ- «Հայկական վերածնունդ»-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց այն մասին, թե որոշել է դրամահավաք կազմակերպել երկրին անհրաժեշտ սպառազինություն ձեռք բերելու նպատակով և պատրաստվում է դրա համար մեկնել նաև Ֆրանսիա ու Ռուսաստան, ՕԵԿ-ականները սկսեցին ավելի ուշադիր հետևել բոլոր այն կառույցների գործունեությանը, ովքեր նույնպես զբաղված են բարեգործական հանգանակությամբ: Մի տեսակ նախանձ կար այդ ուշադրության մեջ կամ գուցե թե տագնապ, կարծես իրենց ունեցածն էին հավաքում:


Եվ ահա հենց այս օրերին երկու անսովոր դրվագ արձանագրվեց, որոնց ներքին կապը հետաքրքիր շերտեր է բացահայտում:

Նախ՝ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց ու տագնապ հնչեցրեց առ այն, թե հավաքված օգնությունը վաճառում են խանութներում. «Միջնորդ օղակները հավաքում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից տարաբնույթ օգնությունները, ամբողջը ուղարկում են իրենց կողմից և համապատասխան գումար դուրս գրում իրենց բյուջեից։ Օգնությունները վաճառվում են Հայաստանի կամ Արցախի խանութներում։ Պետք է հաշվի առնել, որ նմանատիպ իրավիճակներում ոմանք մեծ գումարներ են աշխատում»,- ասում էր նա:

Ասում էր, սակայն ոչ մի կոնկրետ փաստ, թե որտե՞ղ է վաճառվել, ի՞նչ է վաճառվել, ո՞վ է վաճառել, ո՞ւմ օգնությունն է եղել: Էլ չենք խոսում այն մասին, որ պատգամավոր մարդը պիտի իմանար՝ նման դեպքերի համար ֆեյսբուքյան գրառումից զատ անհրաժեշտ է դիմել իրավապահ մարմիններին և քննություն պահանջել: Չէ, Դոխոլյանը ոչ մեկին էլ չի դիմել: Ասաց ու անցավ:


Գրեթե համանման մի իրավիճակ էլ ստեղծվեց օրերս, երբ ասուլիսներից մեկի ժամանակ կին ազատամարտիկ Օֆելյա Գրիգորյանը տեղեկացրեց, թե սոցիալական կայքերում հայտնվել է ոմն Գարիկ Խաչատրյան, ով խաբեությամբ ներկայանում է որպես «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ և նրանց անունից դրամահավաքի կոչ անում: Սրան արձագանքեց կուսակցության մամուլի խոսնակ Վահե Մոսինյանը և, իհարկե, ասաց, որ իրենք չգիտեն` ով է այդ քաղաքացին և իրենց կուսակցությունում չկա նման անուն-ազգանունով մի մարդ, ով լիազորված կլինի դրամահավաքի մասին հայտարարություն տարածել:


Ամեն ինչ հասկանալի է ու ոչինչ հասկանալի չէ: Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում հայտնվել են մարդիկ, ովքեր պատրաստ են այլոց դժբախտության հաշվին լցնել իրենց գրպանները, հասկանալի չէ, թե ինչո՞ւ են այդ բոլոր պատմությունները ուղղակի-անուղղակիորեն գալիս առնչվում Արթուր Բաղդասարյանի կուսակցության հետ: Գուցե նա՞ գիտի գաղտնիքի պատասխանը, բայց չի ասում:

shame.am

Այս նյութը դիտել են - 1794 անգամ