Ռուսաստանի արտգործնախարարի երևանյան այցին ընդառաջ հերթական բողոքի ակցիան անցկացվեց Երևանում` ՀՀ-ում ՌԴ դեսպանատան և ՀՀ ԱԳՆ շենքի մոտ:
Ակցիայի մասնակցիներից Շահեն Հարությունյանն ի նշան բողոքի այրեց Հայաստանի, Ռուսաստանի Ադրբեջանի նախագահների նկարները:
Շահեն Հարությունյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ակցիայի ավարտից հետո Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն իրեն կանչել է զրուցելու.
«Թեժ զրույց ունեցանք, նա վրդովվել էր այն հանգամանքից, որ ես այրել եմ Սերժի, Ալիևի ու Պուտինի նկարները: Ոստիկանապետին փորձեցի իմ արարքը բացատրել` ասելով, որ նրանք դավաճաններ են, դրա համար էլ այրել եմ»:
Զրույցի ընթացքում Երևանի ոստիկանապետը Շահենին հիշեցրել է, թե ինչպիսի խնդիրների առաջ կարող է կանգնել, եթե շարունակի պայքարը: «Ես նրան ասացի, որ ունեմ գաղափարներ և դրանց համար պայքարելու եմ, չեմ վախնում խնդիրներից, իսկ նա իր հերթին նշեց, որ չեմ կարող խուսափել այդ խնդիրներից և ասաց` «դրանք քո վզին կփաթաթվեն, տարիներով կէթաս...»»,- ասաց Շահենը, ում խոսքով` ոստիկանապետն իրեն զգուշացնում էր.
«Ինքն ինձ ասաց, որ վերջին անգամ են ինձ զգուշացնում, մյուս անգամ այլ ձև կլինի: Հետո սկսեց ասել, որ խաղում եմ երկրի վարականիշի, անվան, հեղինակության հետ: Մասնավորապես ինձ ասաց հետևյալը. «Դու էնքան փոքր մարդ ես, որ խաղաս»։ Նրա այդ խոսքերից հետո, ցույց տալով իր գլխավերևում կախված նկարը (Սերժ Սարգսյանի լուսանկարը,- խմբ.), նշեցի, որ ես այդ անձնավորության մեջ թշնամի եմ տեսնում»,- ասաց Շահենը` հավելելով, որ ինքը պայքարելու է, չի վախենում խնդիրներից:
Շահենը տեղեկացրեց, որ իրենց պայքարը շարունակական բնույթ է կրելու: «Պայքարող խմբի ներսում կազմակերպչական խնդիրներ էին առաջացել, դրա համար մենք որոշել ենք Դավիթ Սանասարյանի հետ միասին նոր խումբ ձևավորել, որը կլինի ավելի հզոր, բայց սա չի նշանակում, որը խումբը պառակտվել է: Մեր պայքարը շարունակվելու է ավելի թեժ ձևով, յուրաքանչյուր մեթոդ կիրառելու ենք մեր նպատակներին հասնելու համար»,- եզրափակեց Շահենը:
Այս նյութը դիտել են - 1490 անգամ