«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ առանց վատ զգալու խոստովանել է, որ սահմանադրական հանրաքվեի քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ստացված 461 հաղորդումներից միայն 14-ով է քրեական գործ հարուցվել: Իհարկե, պաշտոնական հիմնավորումն այն է, որ մյուսներով դեռ շարունակում են նյութեր նախապատրաստել, բայց թվերն ինքնին խոսուն են: Այն փաստը, որ Հայաստանի իրավապահները մշտապես հովանավորել, իսկ երբեմն նաեւ աջակցել են ընտրակեղծարարներին, վաղուց հայտնի իրողություն է, սակայն այս դեպքում խնդիրը ոչ թե իրավապահների բազմահազարանոց բանակն է, որն ընտրակեղծարարների «թիկունքն է պահում», այլ կոնկրետ Գեւորգ Կոստանյանը՝ որպես ՀՀ գործող գլխավոր դատախազ: Ինչո՞ւ: Բացատրենք:
Հայաստանում արդեն մոտ երկու տասնամյակ է՝ ընտրությունները պարբերաբար կեղծվում են, ամեն անգամ դիտորդներն արձանագրում են խայտառակ կեղծիքների մասին, ու ամեն անգամ կեղծարարները դառնում են ավելի լկտի: Եւ պատճառն այն է, որ նրանք երբեք իրական պատասխանատվության չեն ենթարկվել, քանի որ ՀՀ գլխավոր դատախազը երբեք իր տեղում չի եղել: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ընտրությունների համար երկարաժամկետ կալանքի են դատապարտվել բացառապես ընդդիմադիր գործիչներ: 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ էլ Աշոտ Զաքարյանը, Պետրոս Մակեյանը եւ Շոթա Սաղաթելյանը դատապարտվեցին: Մասնավորապես Մակինյանն ու Զաքարյանը անազատության մեջ պահվել են մեկ տարի, 4 ամիս: Չկա որեւէ մեկը իշխանության իրական ընտրակեղծարարներից, որը մի քանի տարվա ազատազրկման է դատապարտվել եւ կրել իր պատիժն ամբողջությամբ»:
Այս նյութը դիտել են - 1666 անգամ