ՀՐԱՇԱԼԻ ՀԱՄԵՐԳ՝ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ 15-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ...
2015-12-12 01:30:00
                                                                                                  «Աշխարհում բարեկամությունից ավելի 
                                                                                                              լավ ու հաճելի բան չկա», - ասել է Ցիցերոնը 
     

    2015թ. Նոյեմբերի 15ին  ներկա էինք «Բարեկամություն» միջազգային պարերի ստուդիայի 15-ամյա  հոբելյանական համերգին։
Դահլիճում եռուզեռ էր ու ամենուր՝ մարդկանց ձեռքին ծաղկեփնջեր…»։
Հնչեց հաղորդավարի հուժկու, տրամադրող ձայնը՝ ազդարարելով համերգի սկիզբը։ Տիրեց խորհրդավոր լռություն: Բեմահարթակի պատին, երաժշտության ուղեկցությամբ, բացվեց լուսային էֆեկտներով ձևավորված ցուցադրման «ազդակ», ուր նշված էր հոբելյանական համերգի 15 տարին: Թե՛ պարախմբի ելույթները, թե՛ ազդի նյութերը փոփոխվում էին՝ իրենց կազմած ծրագրին համապատասխան, որոնք բուռն ընդունելության էին արժանանում։
…Կրկին մեկը մյուսին էին հաջորդում պարերը՝ ազգային ու միջազգային տարազներով։ Մանուկների և փոքրերի ելույթները հրաշալի կոլորիտ էր ստեղծել հանդիսատեսի և բեմում պարող երեխաների միջև: Ի պատասխան երեխաների հրաշալի ելույթներին, դահլիճում ներկա գտնվողները պատասխանում էին «բռավո»-ներով ու «կեցցե՛ք»-ներով։
Հուզիչ ու ոգևորող էր Լուսինե Գևորգյանի կենսագիրը՝ մանկության, դպրոցական, մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժինն ավարտելու մասին, և այդ ամենը ցուցադրվում էր ազդով՝ հիշեցնելով մեզ, որ Լուսինեն դեռ մանկուց է եղել հոգով անխոնջ ու եռուն։
15 տարի… 2015 թվական. Լուսինե Գևորգյան և Արսեն Օհանյան (պրոդյուսեր): Համատեղ աշխատանքով նրանք երկա՜ր ու դժվարին ճանապարհ անցան՝ հոգալով վաղվա սերնդի մասին, միաժամանակ՝ գտնելով իրենց երջանկությունը պարարվեստի աշխատանքում։
15 տարի... երկար ու ձիգ, հավատով, ուշադրությամբ, խաղաղությամբ ու սիրով երեք սերունդ է ճանապարհել «Բարեկամություն» պարի խումբը դեպի կյանք, որոնցից շատերը արդեն իրենց խմբերն ունեն: Չմոռանամ ասել , որ բեմահարթակում Լուսինե Գևորգյանը որպես պարուսույց -օգնական ընտել էր իր սանուհիներից երկուսին՝ Լիլիթ Մինասյանին և Էլեն Հարութունյանին։ Համոզված եմ, որպես մանկավարժ «Բարեկամություն» պարախմբի ղեկավար Լուսինե Գևորգյանի համար դա ամենամեծ երջանկությունն է։

Համերգին երեք սերունդ էր պարում։ Բեմահարթակում էին հանդարտ սահքով, ասես «հարսանեկան» սպիտակ տարազով, ավագ խմբի աղջիկները, ովքեր հիացրին մեզ հայկական նորաոճ պարերի շարքով, հաճելի երաժշտության մեղեդային շարժուձևով։ Շատ գեղեցիկ էր, երբ պարարվեստի սաները պարելով գրեցին «Հայրենիք», 15-րդ հոբելյանական համերգ և այլ խոսուն բառեր: Պատկերացնել է պետք, թե դահլիճում ի՜նչ ոգևորություն սկսվեց, երբ խմբերն ավելացա՜ն ու ավելացա՜ն:
2000 թ.ից հիմնադրված «Բարեկամություն» պարի խումբը, անցել է բեղուն ու ստեղծագործ ճանապարհ ՝ պարուսույց Լուսինե Գևորգյանի և նրա ամուսնու՝ պարախմբի պրոդյուսեր Արսեն Օհանյանի շնորհիվ:
Ժամանակը սահում էր, իսկ ազդակը ցուցադրում ու լսելի էր դարձնում սան-սանուհիների, նրանց ծնողների երախտագիտական խոսքերը, ավարտական խմբերին վկայականներ հանձնելը, փոքրերին ու միջին խմբերին քարտեր բաժանելը… որն էլ ծնողներին մեծ հաճույք էր պատճառում, քանզի նրանք զգում ու նկատում էին Լուսինե մանկավարժ-հոգեբանի սերն ու նվիրումը իրենց զավակների նկատմամբ։
Համերգն ավարտելուն մոտ էր, երբ համերգավարը բեմահարթակ հրավիրեց Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոսին, ով իր օրհնութունը նախ ուղղեց հանդիսատեսին, պարախմբին, ապա շնորհավորեց ու գովեստի խոսքեր ասաց Լուսինե Գևորգյանին և Արսեն Օհանյանին, արվեստի ջատագովներին, ովքեր գեղեցկացնում են ոչ միայն իրենց, այլև շրջապատի կյանքը։
Ներկա հրավիրյալները՝ հյուպատոսարանի, քաղաքապետարանի և այլոց կողմից շնորհավորեցին Լուսինե Գևորգյանին և Արսեն Օհանյանին՝ նման բարձր մակարդակով հոբելյանական համերգի համար, ընթերցեցին ու հանձնեցին շնորհակալագրեր, հուշագրեր, պատվոգրեր։
Լուսինե Գևորգյանը իր հերթին շնորհակալ եղավ բոլոր ներկաներից, իր սան-սանուհիներից՝ իրենց անունը բարձր պահելու համար։
Իսկ ամենահուզիչ պահը Լուսինեի եւ Արսենի համար իրենց որդու և դստեր շնորհավորանքի երգն էր՝ Նոնա Բադալյանի հեղինակությամբ, որը նվիրված էր պարարվեստի գործունեության 15-ամյակին։
 Սիրելի՛ Լուսինե Գևորգյան և Արսե՛ն Օհանյան, ես,որպես հանդիսատես, կրկին ու կրկին շնորհավորում եմ ամենքիդ՝ բոլոր-բոլորի՜ն, քանզի միայն այսօր չէ, որ դուք այսպիսի հոբելյանական համերգ ունեցաք, այլ՝ որտեղ էլ,  երբ էլ՝ համերգ եք ունեցել, միշտ այսպիսի ընդունելության եք արժանացել, դափնիներով՝ վերադարձել»։

ՍՎԵՏԼԱՆԱ ՏՈՆԱՊԵՏՅԱՆ
մանկավարժ

Այս նյութը դիտել են - 2314 անգամ