ՄԵՆՔ ԸՆԴԱՄԵՆԸ ԱՊՐԵԼ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ…
2016-04-24 00:29:00
Ապրիլի 24, համայն հայության համար մեծագույն վշտի ու հիշատակի օր...

Ասում են` մարդու թշնամին էլ թշնամու նման պիտի լինի, որ կարողանա հարգի դիմացինի վիշտը, բայց մեր թշնամին, իր վայրագության բարձրակետին, այս օրն անգամ թույլ չտվեց հանգիստ սգանք Հայոց ցեղասպանության զոհ դարձած մեր նահատակների հիշատակը:    

Մարտակերտը այս գիշեր հրետակոծության տակ էր, նորից փոթորկվեցին հոգիներս, նորից նախորդ օրերի սարսափներն ապրեցինք... Ուզես, թե չուզես, կորցնում ես քեզ, երբ զգում ես, որ այդ պահին կաս, կարող է հաջորդ րոպեին չլինես, բայց ուրախ եմ, որ հիմա նորից վայելում եմ բնակավայրիս խաղաղությունը... 


Ծանր գիշեր էր, բայց երբ ուշքի եկա, լուսադեմին իմ հայացքի ու լսողության փնտրտուքների մեջ թռչունների ձայներն էի որսում...Երբ պատուհանիս տակ նրանց ճռվողյունը լսեցի, հոգիս բերկրանքով լցվեց... Արդեն քանի անգամ է` զգում եմ, թե որքան գեղեցիկ է կյանքը, և հիմա ուզում եմ ի լուր աշխարհի ասել, թե ինչքան հրաշալի է այս աստվածային կյանքը, երբ խաղաղ է երկինքը....

Մինչ քառօրյա պատերազմը ես ապրում էի ամիսներով, այս հատուկենտ խաղաղ օրերին ապրում եմ օրերով, իսկ երբ հրետակոծության տակ եմ լինում, ապրում եմ րոպեներով, որոնք երբեմն դառնում են վայրկյաններ, նույնիսկ երբեմն այդ վայրկյանն էլ կարծես կանգնում է, ուզում ես սրտիդ զարկերը լսել, բայց կարծես դա էլ չես լսում ու նորից քեզ հավաքում ես, որ ապրես վայրկյանով, հետո նորից ուզում ես դարձնել այն րոպեներ, ու հետո ուզում ես այն դառնա ժամ, նորից ժամեր..., և ուրախանում ես, որ այդ ժամերն օր են դառնում, հետո նորից օրեր ես ուզում, բայց երևի, որ ամիս էլ ենք ուզում, դա անչափ շատ է մեզ համար և հանկարծ նորից հայտնվում ենք հրետակոծության տակ:

Ուզում եմ մեր ապրելիս վայրկյանները րոպեներ դառնան, հետո` ժամեր, իսկ երբ ժամերը օր դառնան, նորից օր կխնդրեմ վերին տիրոջից, միայն թե ապրենք թեկուզ օրերով...
 Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 1993 անգամ