Այն օրից ի վեր, ինչ Արմեն Աշոտյանին ազատեցին ԿԳ նախարարի պաշտոնից, բարձրաշխարհիկ այս գործազուրկը պատրաստ է զբաղվել ցանկացած բանով, միայն թե մեղմի լքված ու մոռացված լինելու կսկիծը: Նա հիմա հեռուստաշոուներ է վարում, երգեր է գրում, ՏԻՄ ընտրություններում դիտորդ է դառնում, ֆեյսբուքյան իր հարթակն է ողողում ամեն կարգի գրառումներով, իսկ վերջերս էլ, պարզվում է, սիրտն ու հոգին նվիրել է սպասարկման ոլորտին:
Ինչպես հայտնի է, նա դեռ շարունակում է մնալ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Հավանաբար, մտածելով, որ սա էլ արդեն երկար չի տևելու, որոշել է մի վերջին պատառիկ էլ փախցնել այնտեղից: Եվ իբրև այդ մտադրության արդյունք, համալսարանի բուֆետների ցանցը վարձակալության է հանձնվել: Սննդի սպասարկումն այսուհետ իրականացնելու է «Սթար-ֆուդ» ընկերությունը:
Նորածիլ այս ընկերությունը լույս աշխարհ է եկել ընդամենը մարտ ամսին, արագացված կարգով: Նույն արագությամբ հաղթել է չհայտարարված մրցույթում և տեր է դարձել եկամտաբեր գործին: «Սթար-ֆուդ»-ը հիմնադրել են Տիգրան Մարդանյանն ու Լիանա Փանոսյանը: Հենց վերջինս էլ ԿԳ նախարարի պաշտոնում Արմեն Աշոտյանին սպասարկած վարորդի կինն է:
Աշոտյանի բազմազբաղ ուղեղը հերթական խճճված կոմբինացիան է իրագործել, և նրա ընտրությունը կանգ է առել բուֆետչիկ լինելու հեռանկարի վրա: Իսկ վարորդի կնոջ ներգրավումն այս բազմաքայլ օպերացիային պարզապես հիացմունք է առաջացնում:
Այս նյութը դիտել են - 1799 անգամ