ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ներսում թեժ պայքար է սկսվել նախագահական առաջատար թեկնածության հավակնորդ Դոնալդ Թրամփի դեմ: Մեկ այլ հավակնորդ՝ Թեքսասի սենատոր Թեդ Քրուզը մեղադրել է Թրամփին անսկզբունքայնության մեջ.
«Նա ասում է, որ անհրաժեշտ է զիջել կրոնական հարցերում, զիջել Գերագույն դատարանի հարցում, պայմանավորվել դեմոկրատների հետ»:
Քրուզը որոշել է միավորել ուժերը մեկ այլ հավակնորդ, Օհայո նահանգապետ Ջոն Քեյսիքի հետ: Այսպիսով, Քրուզն ու Քեյսիքը փորձում են խոչընդոտել Թրամփի առաջադրումը, որը միակ հանրապետականն է, ով պահպանում է ուղղակի առաջադրվելու հնարավորությունը: Ինքը՝ Թրամփը մարտական է տրամադրված.
«Ես միլիոնավոր ձայներ ունեմ, եւ մյուսներից մի քանի միլիոն ձայնով առաջ եմ»:
ԱՄՆ-ի հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունների թեկնածուները նախագահական ընտրություններում առաջադրվում են նախնական ընտրությունների արդյունքում ընտրված լիազորների կողմից: Հանրապետական կուսակցության կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է լինելու 1,237 լիազոր ունենալ:
Թրամփն այսօր ունի 845 լիազոր, Քրուզը՝ 559, իսկ Քեյսիքը՝ 148: Սակայն, եթե առաջադրման առաջին փուլում հավակնորդներից եւ ոչ մեկը չհավաքի լիազորների անհրաժեշտ թվով ձայներ, երկրորդ փուլում լիազորները ազատ են այլ հավակնորդների օգտին քվեարկելու հարցում:
Հենց դրա վրա են իրենց հույսը դնում Թեդ Քրուզն ու Ջոն Քեյսիքը, որոնց կարծիքով, եթե Թրամփն առաջադրվի նախագահի թեկնածու հանրապետականների կողմից, ապա կպարտվի դեմոկրատական թեկնածուին նախագահական ընտրապայքարի ընթացքում: Ինչ վերաբերում է Դեմոկրատական կուսակցությանը, ապա այստեղ առաջատարն է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Երկրորդն է Վերմոնթի սենատոր Բերնի Սանդերսը, ով այնուամենայնիվ, հարցումների համաձայն, առաջադրվելու դեպքում, ի վիճակի է հաղթել հանրապետական ցանկացած թեկնածուի:
Այս նյութը դիտել են - 1367 անգամ