Այսօր Երևանի պետական համալսարանում «Հայաստանի և Ադրբեջանի ռազմամթերքի համեմատականը» խորագրով դասախոսություն էր կարդում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Բնականաբար, նա չասաց հայոց բանակի զինվորների խայտառակ վատ սննդի մասին, բայց ասաց այլ հետաքրքիր բաներ:
Ինչևէ, իր ելույթի ընթացքում նա մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց: Մասնավորապես, Հովհաննիսյանը հայտարարեց. «Հանրային ճնշման պետք է ենթարկել այն մարդկանց, ովքեր բանակ չեն ցանկանում գնալ, պետք է պարսավել, աղջիկ չտալ: Աշխատեք, որ չծառայած տղաները ձեր միջավայրում իրենց ավելի թույլ զգան»:
Արծրուն Հովհաննիսյանն ի պաշտոն էր ելույթ ունենում: Այսինքն, նրա յուրաքանչյուր խոսք կարելի է ընկալել իբրև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տեսակետ: Իսկ եթե դա այդպես է, ապա բավականին հետաքրքիր պատկեր է ձևավորվում: Նախարար Օհանյանը հրաշալի գիտի, թե վերնախավում ովքեր չեն ծառայել բանակում և հիմա ցանկանում է, որ այդ մարդիկ իր միջավայրում իրենց թույլ զգան: Օրինակ, պիտի իրեն թույլ զգա ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս պիտի թույլ զգա: Թուլության նոպաներ պիտի ունենա ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը: Երիտհանրապետական Կարեն Ավագյանն ընդհանրապես պիտի կրակն ընկնի իր թուլության ձեռքը: Նույնիսկ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն, իր դաշնակցական կոչումով հանդերձ, պիտի չազատվի թույլ լինելու բարդույթից: Էլ չենք խոսում բանակ չծառայած Արմեն Աշոտյանի, Սամվել Ֆարմանյանի, Սերգո Կարապետյանի, Արմեն Գևորգյանի, Արտակ Սարգսյանի և մնացած երևելի դեմքերի մասին:
Պիտի հավատայինք Սեյրան Օհանյանի և նրա մամլո խոսնակի ցանկությունների անկեղծությանը, եթե դրանք ընդամենը դատարկ ցանկություններ չլինեին՝ խարսխված հասարակական, այլ ոչ թե օրենքի ճնշման վրա: Իսկ ի՞նչ պիտի անի հասարակությունն այդ դասալիքներին: Նախարար Օհանյանն ինչպե՞ս է դա պատկերացնում: Գնդակահարի՞, Լինչի դատաստանի ենթարկի՞:
Գեղեցիկ խոսել շատերը կարող են, իսկ գեղեցիկ գործել՝ ոչ բոլորը:
Վերջին շաբաթների ընթացքում պաշտպանության նախարարն առիթ ունեցավ հազար անգամ լսելու միևնույն հարցը. «Ինչո՞ւ են առաջնագծում միայն աղքատների երեխաները, իսկ որտե՞ղ են պաշտոնյաների զավակները»: Եվ այս հարցին դեռ համոզիչ պատասխան չտված խոսել բանակում չծառայածների նկատմամբ հանրային ճնշումների մասին, առնվազն փոքրոգի և անազնիվ պահվածք է:
Գոնե լուռ մնացեք:
Այս նյութը դիտել են - 1285 անգամ