Այսօր Ազգային ժողովում քննարկում էին էկոնոմիկայի նախարարության պատրաստած օրինագիծը, որն առաջարկում էր Հրազդանի ցեմենտի գործարանին ազատել հարկային պարտավորվածությունների տույժերից։ Նորանշանակ նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը, ով դեռ երեկ վստահեցնում էր, թե անհաշտ պայքար է ծավալելու գողերի ու թալանչիների դեմ, այսօր խորհրդարանին էր հանձնել մի առաջարկ, ինչը ոչ միայն ներողամտության մարմնացումն էր, այլև հանցավորներին խրախուսելու բացառիկ քայլ: Օրինագծով նախատեսվում էր ներել «Հրազդան ցեմենտի» ընդհանուր 935 մլն դրամ հարկային պարտավորույթունների 510.1 մլն դրամ տույժերը։ Իսկ գործարանն, ինչպես հայտնի է, պարտքերը կուտակել էր նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի օրոք։
Թե որտեղ է այժմ Բաղդասարովը, սրա մասին քչերին է հայտնի: Երբեմնի հայտնի գործարարը, ով նույնիսկ օդ էր վաճառում իր հայրենակիցների վրա, փաստորեն չի դավաճանել հին գործելաոճին և այսօր էլ ցանկանում է օդից փող պոկել: Միայն այն տարբերությամբ, որ պոկելու առաքելությունը նա հանձնարարել է դաշնակ նախարարին: Իսկ այդպես վարվել Բաղդասարովը կարող էր միայն մի պարագայում՝ հաստատ համոզված լինելով, որ ոչ ոք իրեն պատասխանատվության չի կանչի նախկինում թույլ տված անօրինականությունների ու թալանի համար:
Խորհրդարանն այսօր չհաստատեց Հրազդանի ցեմենտի գործարանի պարտքերը ներելու մասին օրինագիծը։ Սակայն դա արդարությունը չէր, որ հաղթանակել էր: Իրականում օրինագծին կողմ քվեարկեցին 53 պատգամավոր, մեկը՝ դեմ։ Այսինքն, չհաստատվեց միայն այն պատճառով, որ ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցել քվեարկությանը ու տապալել էին: Իսկ այն 53 պատգամավորները, ովքեր պատրաստ էին երկրի գանձարանը թեթևացնել ևս 500 միլիոնով, ամեն մեկը մի-մի Բաղդասարով է: Նրանք հիմա կանաչ լույս են վառում կողոպտիչ գործարարի առաջ, որովհետև վաղն էլ իրենք կարող են հայտնվել նույն վիճակում: Ուրեմն ինչո՞ւ չհուսալ, որ իրենց համար էլ կգտնվեն բարեհաճ ու առատաձեռն 53 պատգամավորներ: