Սահմանին զոհ ունենք. Ադրբեջանի զինուժն այս գիշեր հրետակոծել է նաեւ խաղաղ բնակավայրերը
2016-04-27 09:00:00

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաեւ այս գիշեր:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի եւ խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ եւ այլ խաղաղ բնակավայրեր:

Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետեւանքով` մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների եւ թիրախային հարվածներ հասցնելով՝ թշնամուն պատճառել կենդանի ուժի եւ տեխնիկայի զգալի կորուստներ:

Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,-ասված է հաղորդագրության մեջ»:

Այս նյութը դիտել են - 1635 անգամ