Տարոն Մարգարյանը տեղեկացնում է, որ խոստացված ամբողջ օգնությունը կատարվելու է ի հաշիվ մշակույթի
2016-04-27 09:11:00

Երկար հորդորներից ու հիշեցումներից հետո Երևանի քաղաքապետարանը վերջապես գլխի ընկավ, որ անհրաժեշտ է աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին:

Այսօր կայացած ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասել է, որ հանձնարարել է ուսումնասիրել զոհված զինծառայողների ընտանիքների ֆինանսական վիճակը և ներկայացնել, թե ինչ օգնություն կարող են տրամադրել նրանց: Նույնը վերաբերում է նաև վիրավորված զինծառայողներին տրամադրվող օգնությանը: «Բացի դրանից, մենք մտադիր ենք բնակարան հատկացնել զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնք վարձով են բնակվում: Երբ ուսումնասիրությունը պատրաստ լինի, կդիմենք նաև ավագանու անդամներին»,- ասել է Մարգարյանը:

Քաղաքապետի ելույթի այս հատվածը շատ տպավորիչ ու գեղեցիկ է հնչում: Հիշեցնենք, որ վերջերս, արդեն քառօրյա պատերազմից հետո, Տարոնը երկու բնակարան նվիրեց տերտերներին, այժմ, հավանաբար, նրան բացատրել են, որ այսօր տերտեր տռռցնելու ժամանակը չէ և մի քիչ էլ պետք է զինվորների մասին մտածել: Եվ հոգատար ղեկավարը դժվարության պահին մենակ չի թողնում իր քաղաքացիներին , կանգնում է նրանց կողքին, թևութիկունք է դառնում: Բայց հենց այդ վայրկյանից էլ վրա է հասնում հիասթափությունը: Տարոն Մարգարյանը տեղեկացնում է, որ խոստացված ամբողջ օգնությունը կատարվելու է ի հաշիվ մշակույթի: Այսինքն, իրենք մտադիր են կրճատել մշակութային ծրագրերին տրամադրվող գումարները և դրանք ուղղել զոհվածների ընտանիքներին:

Մեր երկրում վաղուց սովորույթ է դարձել կուժն ու կուլան կոտրել մշակույթի գլխին: Այս ոլորտը դարձել է շղթայի այն բարակ հատվածը, որն առաջինն է կտրվում: Շարքի վերջում կանգնած այն դժբախտն է, ում մնացորդ փշրանքներն են բաժին հասնում: Ու հենց որ մի տեղ, ինչ-որ բան պակասում է, անմիջապես հիշում են մշակույթի մասին:

Զարմանալի չէ, որ Տարոն Մարգարյանը չի ցանկացել իրեն անհրաժեշտ ֆինանսական միջոցները հայթայթել քաղաքապետարանի շքեղությունների հաշվին: Ձեռքը չի գնացել կրճատել թանկարժեք խմիչքների քանակը, պակասեցնել ոսկեզօծ սպասքը, աշխատակազմի խնջույքների, նվերների, հավելյալ պարգևատրումների ծախսերը, փոքր-ինչ զսպել իր և ենթակաների ախորժակը, ովքեր անհագուրդ կերպով խժռում են Երևանի բյուջեն: Աչքին իբրև ավելորդություն միայն մշակույթն է երևացել: Դա էլ երևի այն պատճառով, որ չի հասկացել, թե ինչ բան է այդ ոլորտը:

shame.am

Այս նյութը դիտել են - 1250 անգամ