Վաչե Գաբրիելյանը դեմ չէ կեղտոտ փողերին2016-04-27 15:32:00
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նեղը լծեցին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին, երբ նրան հարցրեցին, թե տեղյա՞կ է՝ քանի կազմակերպություններ, գործարարներ ու պետական պաշտոնյաներ են գրանցված օֆշորային կազմակերպություններում, տիրապետո՞ւմ է արդյոք իրավիճակին և ի՞նչ քայլեր է ձեռնարկել ուսումնասիրություններ կատարելու ուղղությամբ:
Հարցը լուրջ հիմքեր ուներ և ոչ միայն այն պատճառով, որ մենք մեր օֆշորային ակտիվում արդեն ունենք Տիգրան Սարգսյանի և Միհրան Պողոսյանի նման վետերաններ: Լուրջ հիմքեր կան կարծելու, որ վերջին շրջանում Հայաստան մուտք գործած 730 մլն դոլարից շատ խիստ օֆշորի հոտ է գալիս:
«Եթե այդքան գումար է մտել Հայաստան, կարելի է պատկերացնել, թե որքան գումար է մնացել այնտեղ: Իզուր չէ, որ միջազգային կազմակերպությունները խոսում են Հայաստան ներմուծված 9 մլդ դոլարի մասին»,- իր հերթին նկատեց պատգամավոր Հեղինե Բիշարյանը և հավելեց, որ այս տարվա վերջին տվյալների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օֆշորներից իրականացված ներդրումների ծավալը գերազանցում է 2 մլդ դոլարը:
Փողերի լվացման մասին այս ուղղակի մեղադրանքներին Վաչե Գաբրիելյանը ընդամենը պատասխանեց, որ տեղեկատվությունն ուշագրավ է, սակայն՝ ոչ հետաքրքրաշարժ: Գաբրիելյանի համար հետաքրքրաշարժ լինել չի կարող, քանի որ սկզբունքորեն նա դեմ չէ դրանց պղտոր հոսքին: Իր համար ի՞նչ տարբերություն, թե քանի անազնիվ ձեռքի տակով են անցել դրանք:
Կարևորն այն է, որ գալիս են ու չեն շրջանցում նաև իր գրպանը: Իսկ լայն հանրության համար նա միշտ էլ համոզիչ փաստարկ կգտնի: Օրինակ, կասի, որ Հայաստան աշխարհի շահերից այդպես է բխում: «Ներդրումների իրական մասը, որ գալիս է Հայաստան, հիմնականում գալիս է այնպիսի ընկերություններից, որոնք գրանցված են օֆշորային գոտիներում:
Իսկ եթե մենք սահմանափակենք այդ գոտիներից Հայաստան եկող գումարներն, ապա դրանով կարող ենք միայն խնդիրներ առաջացնել ներդրումներ ներգրավելու և տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ»,- պատրաստի պատասխանը գրպանը դրած հակադարձում է փոխվարչապետը և չի էլ ջանում բացատրել, թե այդ ինչպե՞ս է, որ ուրիշ երկրներում անհանգստանում են նման դեպքերում: Մի՞թե օտարները չեն ցանկանում, որ իրենց մոտ էլ ներդրումների ծավալները աճեն:
Բայց Տիգրան Սարգսյանի ուշիմ աշակերտը հո լավ է հասկանում, թե ինչ է ասում և ինչու է այդպես ասում: Այդ պատճառով էլ կարող է նույնը կրկնել մի քանի անգամ, իսկ վերջում ավելի ինքնավստահ շեշտադրումով եզրափակել. «Պետք է գումարները բերել Հայաստան և աշխատեցնել, այստեղ որևէ սահմանափակում չկա, դրանից միայն բոլորը կշահեն: Ցանկալի չէ նաև գրգռել տնտեսական հետագա զարգացումները»:
Լսեցի՞ք, աշխարհի բոլոր հանցագործներ, դրամանենգներ, գողեր, թալանչիներ, ֆինանսական մեքենայությունների հեղինակներ, Հայաստանի փոխվարչապետն ասում է, որ դուք մեզ մոտ խնդիրներ չեք ունենա: Վերցրեք ձեր գումարները և եկեք Հայաստան: Վաչե Գաբրիելյանի լվացքի մեքենան ձեր փողերին է սպասում:
shame.am
Այս նյութը դիտել են - 1170 անգամ