Երևի շատերը դեռ կհիշեն, որ մոտ տարիուկես առաջ Սևանի ավագ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտի աչքն ակնակապիճից դուրս էր եկել ուսուցչուհու՝ կախիչով հասցրած հարվածից հետո: Եվ ահա Սևանի առաջին ատյանի դատարանն աշակերտին տեսողությունից զրկած ֆիզիկայի ուսուցչուհու նկատմամբ սահմանեց առավելագույն պատժաչափ՝ ընդամենը 200 հազար դրամի տուգանք:
Որոշումը մարդկանց ապշանքն է հարուցել: Երեխան ամբողջ կյանքում պիտի հաշմանդամ մնա, իսկ դրա մեղավորը ընդամենը մեկ ամսվա աշխատավարձ վճարելով պիտի հայտարարի, թե արդարադատությունը հաղթանակել է: Սրա հետ մեկտեղ դատարանի կայացրած որոշումը գերազանցում է ցինիզմի բոլոր սահմանները:
Պատահական չէ, որ մանկավարժ, ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, լսելով դրա մասին, բացականչել էր. «Մարդու ի՞նչ օրինակ է նա: Ես ապշած եմ: Այդ դատավորի թոռան կամ երեխայի աչքը որ այդպես դուրս գար, ինքն էլի այդպիսի որոշում կկայացնե՞ր, իհարկե՝ ոչ»:
Բարոյականությունից մինչ օրինականություն ընկած այս անհասկանալի ճանապարհի վրա դեռ էլի կգտնվեն անձեր, ովքեր անուղղակի կամ ուղղակի կերպով նպաստել են այս հանգուցալուծմանը: Եվ եթե օրենքն արդեն ի զորու չէ շտկել սխալը, պատժել մեղավորներին, ապա մարդիկ հարկադրված կլինեն այլ ուղիներ գտնել իրենց զայրույթը պարպելու համար:
Օրինակ, ի՞նչ կպատահի, եթե հայտնվի մեկը, ով 200 հազար դրամ կդնի դատավորի սեղանին և հենց տեղում կհանի դատավորի աչքը: Առաջնորդվելով վերը հիշատակված նախադեպից, պետք է կարծել, որ այդ մարդը կարող է հանգիստ տուն գնալ: Նրա արարքը ոչ ոք չի դատապարտի:
Այս նյութը դիտել են - 1466 անգամ