«16 տարի ծառայի եւ այսպես հատուցե՞ն… ո՛չ, չեմ ների…». փոխգնդապետ Ա. Առաքելյանի ընտանիքը հրաժարվեց բնակարանից
2016-04-27 16:04:00

Ապրիլի 2-ին Ջեբրայիլի մարտերում նահատակված 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքը հրաժարվում է իրենց հատկացված բնակարանից: ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի կողմից «SOS Գյումրի» ծրագրին որոշ ժամանակ առաջ նվիրաբերած բնակարանը որոշվեց հանձնել զինվորականի ընտանիքի, նախընտրել էին փոխգնդապետ Առաքելյանին, ով չունի բնակարան: Կինը, երկու զավակներն ապրում են հայրական փոքրիկ բնակարանում:

Ալեքսան Առաքելյանը դիմել էր նաեւ պաշտպանության նախարարությանը՝ Գյումրիում բնակարան ստանալու ակնկալիքով:

Sequence 02

Հերոսի մահով նահատակված փոխգնդապետի ընտանիքին շատ կառույցներ խոստացան, որ բնակարանի խնդիրը կարճ ժամանակահատվածում կլուծվի: Հետո արդեն լրատվամիջոցները հրապարակեցին, որ փոխգնդապետի բնակարանային խնդիրն արդեն լուծված է: Սակայն ընտանիքի անդամները բարձրաձայնում են, որ իրենց է հանձնվել մի բնակարան, որն ունի բազմաթիվ թերություններ, վերանորոգման խիստ անհրաժեշտություն, որն ունի տանիքի վերակառուցման խնդիր եւ գտնվում է Մուշ-2-ում: Առաքելյանի հայրը նշում է, որ նախ կցանկանար որդու ընտանիքին հատկացվող բնակարանը լիներ ավելի մոտ իրեն, որ կարողանա հաճախ տեսակցել թոռներին:

Sequence 04

«Մի կողմից ցավակցում են, մյուս կողմից ասում են՝ շնորհավոր լինի հերոսի բնակարանը: Այդ բնակարանը ո՞ր հասցեում է, ի՞նչ պայմաններ է: 16 տարի ծառայի, եւ այսպես «թուլափայ» տա՞ն, որ ձեզ խաղաղություն պարգեւեց, ինքը գնաց մահի, ազատությունը տվեց մեզ, եւ այսպես վերաբերվե՞ն: Ո՛չ, չեմ ների:

Ինձ ռեկլամներ պետք չեն, էս ռեկլամներից ես կուշտ եմ: Ալիկի ընտանիքն ինձ հետ է ապրում, Ալիկի որբերը ինձ հետ են ապրում՝ պուճուր սենյակում: Իմ որդին 16 տարի ծառայի, 160.000 դրամանոց ավտոմեքենա չունենա, բայց մարդիկ ավտո կքշեն՝ 70-80 հազար դոլարանոց: Ո՞ւմ քրտինքն է: Էսպե՞ս եք փոխհատուցում: 200.000 դոլարանոց ավտո քշեք, 5 հարկանի տուն ունեցեք, բայց գնահատեք»,- ասում է Ալեքսան Առաքելյանի հայրը՝ Գեւորգ Առաքելյանը:

Շնորհակալ է այն մարդկանցից, ովքեր ցանկացան այս կերպ իրենց շնորհակալությունը հայտնել հերոսին, սակայն վիրավորանքը մեծ է պետական ատյաններից:

Հերոսին այդպես չեն մեծարում, ասում է փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հայրը:

Կարելի էր խորհրդակցել ընտանիքի անդամների հետ, լսել նրանց կարծիքը, հաշվի առնել ցանկությունները: Գոնե այդ հարցում: Սակայն համարել, որ պետությունը կատարել է իր պարտականությունները եւ այլեւս անելիք չունի, սա չի ընդունում Գեւորգ Առաքելյանը: Եվ համարում է վիրավորանք՝ հասցված իր որդու ընտանիքին:

Որդու թափած արյունն անգին է, անգնահատելի: Չնչին, աննշան գնահատականը պետք է լիներ հերոսի ընտանիքին հերոսին վայել անկյունով ապահովելը, որտեղ իր անկյունը պետք է ունենա նաեւ Ալեքսան Առաքելյանը:

Sequence 03

«Չի՛ ներվի, բոլոր ատյաններին դիմելու եմ: Ծնկաչոք ամբողջ սփյուռքը կխառնեմ իրար: Պետք է այս հարցին ճիշտ լուծում տրվի: Այն պահը չէ, որ հա, վերցրա, յոլա գնա: Չէ՛: Այս տղու արյունը դեռ այնտեղ է: Քանի երեխու կյանք փրկեց: Ձեռքը ջարդված արդեն, աջ ձեռք չունենալով PK կվերցնե կկրակե, թուրքին կթափե, ո՞ւմ համար: Ձեզի համար, որ էսպես բան էնե՞ք: Պետք չէ: Ես չեմ ուզե: Եթե կենեք, այնպես արեք, խիղճս հանգիստ մի քիչ հանգստանա: Պռոստը իմ բերանը կուզեին փակել:

Էսօրվա դրությամբ ասում եմ՝ գերեզմանի հարցն ինչ է լինելու, կըսեն՝ էդ հատուկ մարդիկ են գալու պաշտպանության նախարարությունից, որ չափագրեն: Ե՞րբ, տասը տարի հետո՞, որ էդ պանթեոնը լրիվ լցվի: Իրանք էլ, իրանց փողն էլ: Ինձ պետք չէ: Իմ էրեխուս գերեզմանը ես կսարքեմ: Էդտեղ հրամանատար կա հանգչած: Ինձ պետք չէ իրանց փողը: Թող տանին վայելեն: Թող տանին կազինո, կաֆե, բառ, շոր կառնին, մեբել կառնին, ինչ կենեն, չեն էնե, ինձ պետք չէ: Ես էս տունն էլ կծախեմ, իմ երեխուս գերեզմանը կսարքեմ: Յարեն տիրոջը ցավ կուտա: Էդ յարեն իմ սրտիս մեջն է: Յարեն իմ տղես է, իմ գանձս է, գնացել է….»:

Գեւորգ Առաքելյանը բազմաթիվ հարցեր ունի, որոնց պատասխանները մեկ առ մեկ պահանջելու է իրավասու մարմիններից:

Հարցերից մեկն այն է, թե եթե Ջեբրայիլի որոշ դիրքեր արդեն գրավված էին, ինչո՞ւ իր որդուն գնդապետ Հովիկ Աբրահամյանն ուղարկեց դիրքեր: Ինչո՞ւ պատշաճ իրազեկված չէին հակառակորդի գործողություններից:

«Ինքը իմ տղուս ուղարկեց մսաղացի տակ, ինքը պետք է պատասխան տա: Տանկի ակումլյատորներն ո՞վ ծախեց կերավ՝ Հովիկ Աբրահամյանը, БМП-ների մեջ որ սալյարկի փոխարեն ջուր էր, ո՞ւմ շնորհքն է՝ Հովիկ Աբրահամյան: Գումարտակի, գնդի մեջի խոզերն օր ման գուկան, ո՞ւմ խոզերն են՝ կամանդիրի»:

Sequence 06

Հիշեցնենք, Ալեքսան Առաքելյանը 16 տարի ծառայել է: Ինքն է նախընտրել առաջնագծում ծառայել, ամենաթեժ կետերում: Զինվորականը փայլուն ուղի է անցել: Հայրը հորդորում է ուսումնասիրել հերոսի անցած ճանապարհը, ով չփախավ, չվախեցավ, չնահանջեց, կռիվ տվեց մինչեւ վերջին փամփուշտը:

Sequence 05

Գեւորգ Առաքելյանը նաեւ վրդովված է, որ Ալեքսան Առաքելյանը չստացավ «Մարտական խաչ» շքանշան: Նշենք, որ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետների ցանկում տեղ են զբաղեցրել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը: Փոխգնդապետին, սակայն, հետմահու շնորհվեց «Արիության մեդալ», որը հայրը ցանկանում է հետ վերադարձնել: Թեկուզ միայն այն բանի համար, որ պաշտպանության նախարարության, պաշտպանության բանակի որեւէ բարձրաստիճան ներկայացուցիչ հարկ չհամարեց հանձնված պետական պարգեւն անձամբ ներկայացնել փոխգնդապետի ընտանիքին, գալ նրա հուղարկավորությանը:

Միեւնույն ժամանակ փոխգնդապետի հայրը շնորհակալություն է հայտնում բազմաթիվ քաղաքացիների իրենց աջակցության համար, իրենց կողքին այս դժվարին պահին կանգնելու, իրենց վիշտը սփոփելու համար…

Զոհված հերոսի հայրը նաեւ սթափության կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ օր առաջ քայլեր ձեռնարկել երկրում առանցքային շատ հարցեր լուծելու ուղղությամբ: Արթնացե՛ք, ասում է Գեւորգ Առաքելյանը, վաղը կարող է շատ ուշ լինել:

«Պարո՛ն ղեկավարություն, պաշտպանության նախարար, երկրի ղեկավար, Բակո Սահակյան, ուշքի՛ արեք»…

ՎՏԲ-Հայաստան բանկ

SWIFR:ARMJAM22

AMD 16013048596600

USD  16013048596601

EUR  16013048596602

RUR  1601304859660313101466_998196563604413_1317720537_n

Արմենուհի Վարդանյան

Այս նյութը դիտել են - 2254 անգամ