Վաշինգտոնի «Եուրոփիան Ինսթիթութ» կազմակերպության անցկացրած քննարկումը անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական առաջընթացին: ԱՄՆ-ում ՀՀ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը անդրադարձել է Միությանը Իրանի և Թուրքիայի անդամակցելու շուրջ Հայաստանի տեսանկյունին:
Եվրասիական տնտեսական միության զարգացման, տարածաշրջանում այլ երկրների հետ կապի աճի և համաշխարհային առևտրի շուկայի վրա թողած ազդեցության թեմայով քննարկումը սկսվել է Միության խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի ելույթով, ով նշել է, որ Միության գերագույն նպատակը ոչ անդամ երկրների հետ հարաբերությունների ձևավորումն ու ինտեգրման գործընթացներն են: Նա նաև նշել է, որ Եվրասիական միությունը ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրել Վիետնամի, և բանակցություններ է վարում Իսրայելի և այլ երկրների հետ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման և մակրոտնտեսագիտության նախարար Տատյանա Վալովայան անդրադարձել է 2015 թվականին Հայաստանի և Ղրղըզստանի միության անդամ դառնալուն և նշել, որ կարելի է որոշակի եզրակացություններ անել:
«Չնայած, որ 2015 թվականը տնտեսական առումով միության անդամ երկրների համար որոշակի բարդություններ ուներ, կրճատվել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տնտեսական աճի տեմպերը, սակայն Հայաստանի և Ղրղըզստանի տնտեսական աճը ավելի է արագացել 2015 թվականին: Մաքսային սահմանափակումների վերացման պատճառով հայկական արտադրության ապրանքները ավելի հեշտությամբ են հասնում Ռուսաստանի սպառողներին: Նկատելի է նաև, որ Հայաստանի առևտուրը զարգացել է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև միության այլ անդամ երկրների հետ, որոնց հետ նախկինում գրեթե առևտուր չէր իրականացվում, օրինակ Ղրղըզստանի, Բելառուսի և Ղազախստանի դեպքում»:
Տատյանա Վալովայայի խոսքերով, հայ գործընկերները արդեն ռուսական շուկա են ներմուծում դեղամիջոցներ և այս տարի միությունը կավարտի դեղամիջոցների վաճառքի միավորված շուկայի ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա կարևոր է համարում այն, որ թե՛ ռուսական թե՛ եվրոպական ու ամերիկյան կազմակերպությունները, որոնք Հայաստանում ներդրումներ են կատարում, հասկանում են, որ սպառողական շուկան մեծանում է:
ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ով քննարկման ժամանակ ներկայացնում էր Հայաստանի տեսանկյունը, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում նույնպես անդրադարձավ Հայաստանի վրա Եվրասիական տնտեսական միության ազդեցությանը:
«Երկրները պետք է իրենց դերը գտնեն ինտեգրացիոն որևէ գործընթացի մեջ, որպեսզի կարողանան դիմակայել ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող տնտեսական կամ ֆինանսական ճգնաժամերը: Բնականաբար ցանկացած առևտրային միությանը միանալու հանգամանքը թե՛ դրական և թե՛ բացասական երևույթներ է ի հայտ բերում: Փոքր երկրների համար՝ մասնավորապես: Մեկ տարին շատ կարճ ժամկետ է կանխատեսումների համար, կարծում եմ պետք է լավատես լինել և փորձել առավելագույնս օգտվել այն հնարավորություններից, որոնք ինտեգրացիոն այս գործընթացը կարող է ունենալ:»
Եվրասիական տնտեսական միությունը աշխատում է Եվրոպայի հետ համագործակցության շուրջ և փորձում է ներգրավել Չինաստանը, Հնդկաստանը և Իրանը:
Տատյանա Վալովայայի խոսքերով, Եվրասիական տնտեսական միությունը Իրանի միանալու դեպքում Հայաստանի առևտրի հնարավորությունները զգալիորեն կմեծանան: Վալովան նաև ասել է, թե Թուրքիան նույնպես Միության հնարավոր տնտեսական գործընկերը կարող է դառնալ, սակայն ինչպես Հայաստանը նշել էր քննարկումների ժամանակ, Թուրքիայի կառավարությունը պետք է դրա համար դրական քայլեր ձեռնարկի:
Գրիգոր Հովհաննիսյանի խոսքերով, Թուրքիան անօրինական սահմանափակումներ է կիրառում Հայաստանի նկատմամբ: Եվ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր՝ Հայաստանը շատ խիստ կվերաբերվի Թուրքիայի հետ նույն միության մեջ լինելուն, եթե այդ անօրինական սահմանափակումները չվերացվեն:
Խոսելով համագործակցությունների մասին՝ Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը բանակցություններ էր վարում Եվրամիության համապարփակ միության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ, սակայն դա չարվեց, քանի որ Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը:
2015 թվականին բանակցությունների նոր գործընթաց է սկսվել Հայաստանի և Եվրամիության միջև, որը շուտով կստորագրվի: Իհարկե, այն այնքան հագեցած չի լինի, որքան Եվրամիության համապարփակ համաձայնագիրը ուներ, սակայն Հայաստանին թույլ կտա ակտիվորեն մասնակցել առևտրի գործընթացին՝ նույնիսկ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր: