Հայի բախտ՚ հայտնի բառակապակցությունը ամենեւին էլ պատահական չի առաջացել: Այդ երկու բառերի հետեւում չափազանց հետաքրքիր, երբեմն ողբերգական, երբեմն էլ զավեշտական պատմություններ են թաքնված: Ահա դրանցից մեկը: Միքայել Սեբաստյան: Սեբաստյանը 42-ամյա մեր հայրենակցի ազգանունն, իսկ ընդհանրապես ծանոթներն իրեն կոչում են ուղղակի Միշա:
Ադրբեջանում էր ծնվել: Սկսվեց Ղարաբաղյան շարժումը, սկսվեցին հայերի ջարդերը: Միշան հատնվեց Կասպից ծովի մյուս ափին՝ Թուրքմենստանում: Մոտ 20 տարի առաջ թուրքմեն մի պաշտոնյա որոշեց մեկնել Ամերիկա՝ Հյուսթոնում սրտի վիրահատության նպատակով: Միշային էլ հետը վերցրեց որպես թարգմանիչ: Միշան որոշեց առիթը չկորցնել ու տասնյակ հազարավոր հայերի նման մնաց Միացյալ Նահանգներում: Հայտնաբերեցին անօրինական ներգաղթյալին, տարան Արտաքսման կենտրոն: Բայց ո՞ւր արտաքսեին՝ այն երկիրը, որի անձնագրով էր Ամերիկա մտել Միքայել Մեբաստյանը՝ Խորհրդային Միությունը, արդեն գոյություն չուներ: 6 ամիս պահեցին այդ կենտրոնում, վերջը ստիպված ժամանակավոր մի փաստաթուղթ տվեցին ու բաց թողեցին՝ պայմանով, որ երեք ամիսը մեկ կներկայանա ոստիկանություն: Միշան հիմնավորվեց Լոս Անջելեսում, աշխատանք գտավ սրճարաններից մեկում, հետո էլ ճամփորդությունների բուրոյում: Ճանապարհորդել սիրում էր: Ամերիկայից դուրս, իհարկե, չէր կարող գնալ, փոխարենը որոշեց ուսումնասիրել Ամերիկան ծայրից ծայր: Բառիս բուն իմաստով: Գնում էր Ամերիկայի ծայրամասերը՝ Ալյասկա, Պուերտո Ռիկո, նույնիսկ Հավայան կղզիներ: Մի օր էլ Միշան որոշեց գնալ շատ ավելի հեռու՝ Ամերիկյան Սամոա, որը գտնվում է աշխարհի մյուս ծայրում, Խաղաղ օվկիանոսում՝ գրեթե Ավստրալիայի ափերի մոտ: Ու լռվեց այնտեղ՝ առանց անձնագրի, առանց փողի, առանց ընկերների ու ծանոթների, առանց աշխատելու իրավունքի եւ ամենակարեւորը՝ առանց բուն Ամերիկա վերադառնալու հեռանկարի: Ինչու Միշան չէր կարող վերադառնալ Ամերիկա: Որովհետեւ անխոհեմ քայլ էր կատարել՝ Ամերիկյան Սամոայից մի քանի օրով գնացել էր անկախ Սամոա, այսինքն շատ լուրջ խախտում էր թույլ տվել, լքել էր Միացյալ Նահանգների տարածքը, ինչն իրեն արգելել էին: Ու ամերիկյան իշխանությունները նրան ասացին՝ դե ուրեմն այլեւս Կալիֆորնիա չես վերադառնա, այդ կղզում էլ կմնաս: Ամիսները գլորվում էին եւ հուսահատության զգացումը օրեցօր խորանում էր: Մտքով նույնիսկ անցնում էր՝ չնետվե՞մ ծովը ու, ինչպես ասում են, պրծնեմ այս ամենից: Բայց մի օր հեռուստատեսությամբ տեսավ, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ելույթ է ունենում Ժնեւում ու խոսում է ապատրիդների՝ քաղաքացիություն չունեցող անձանց խնդրի մասին: Օրինակներ էր բերում Քուվեյթից, Նեպալից, Էստոնիայից: Միշան բառիս բուն իմաստով կատաղեց՝ ՙՈւրեմն ես՝ հայրենազուրկս, այստեղ տառապում եմ, իսկ այն պետության արտգործնախարարը, որը հենց իմ հարցով պիտի զբաղվեր, էստոնացիների մասին է խոսում՚: Սկսեց էլեկտրոնային նամակներ գրել բոլոր հասցեներով՝ նույն Քլինթոնին, փախստականների հարցերով ՄԱԿ-ի հանձնաժովովին, թերթերի ու հեռուստաընկերների խմբագրություններին: Ու դա օգնեց: ՄԱԿ-ի հանձնաժողովը հատուկ խումբ ուղարկեց նրա խնդրին ծանոթանալու համար, աշխարհի ամենհայտնի լրագրողներից մեկը՝ Քրիստիան Ամանփուրը երկու անգամ պատմեց Միշայի մասին ՍԻէՆէՆ-ով, ի պաշտպանություն նրան հանդես եկան ամերիկացի հայտնի իրավաբաններ ու համալսարանների պրոֆեսորներ: Մի խոսքով, 17 ամիս անց Միշան վերադարձավ Ամերիկա ու այս տարվա գարնանը բնակություն հաստատեց էլի կղզում, բայց շատ հայտնի կղզում՝ կոչվում է Մարթաս Վինյարդ, գտնվում է Ամերիկայի արեւելյան ափի մոտ եւ մտնում է Մասաչուսեթս նահանգի կազմի մեջ: Տասնամյակներ շարունակ այնտեղ են իրենց արձակարդն անցկացրել Ամերիկայի նախագահները՝ Ջոն Քենեդին, Բիլ Քլինթոնը, մի քանի ամիս առաջ՝ օգոստոսին իր ողջ ընտանիքով այնտեղ էր եկել նաեւ Բարաք Օբաման: Միշան այժմ ապրում է այդ կզղում գտնվող էդգարթաուն քաղաքում, աշխատում է մի սրճարանում, որը կոչվում է՝ ՙBehind the Bookstore Cafe՚, այսինքն ՙԳրախանութի հետեւի սրճարան՚: Համաձայնեք՝ եթե մեր հայրենակիցները բազմաթիվ անհավանական արկածներից հետո ի վերջո հանգրվանում են այն վայրում, որտեղ հանգստանում են Ամերիկայի նախագահները, ուրեմն ՙՀայի բախտ՚ կոչվածը այնքան էլ վատ բան չէ: Հո դեմ չեք: Արմեն Դուլյան
Այս նյութը դիտել են - 1941 անգամ