Հրետակոծվել է Մատաղիսը. Ադրբեջանի զինուժն այս գիշեր արձակել է 240 արկ
2016-04-28 09:39:00

Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 (Գրադ) կայանքների կիրառմամբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ՊԲ մարտական դիրքերը` արձակելով ավելի քան 240 արկ:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի արեւելյան, հյուսիսային եւ հյուսիսարեւելյան ուղղություններով: ՄՄ-21 (Գրադ) կայանքներից հրետակոծության է ենթարկվել Մատաղիս խաղաղ բնակավայրը:

«Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ եւ օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:

Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս նյութը դիտել են - 1144 անգամ