ԱՄՆ-ն խստագույնս դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծում ցանկացած բռնություն
2016-04-28 10:09:00

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ցանկացած բռնություն և ցանկանում է, որ հնարավորինս շուտ վերսկսվի բանակցային գործընթացը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Մարկ Թոները՝ անդրադառնալով հակամարտության գոտում պահպանվող լարված իրավիճակին։ «Մենք տեսանք, թե ինչպես փխրուն հրադադարի ռեժիմ հաստատվեց։ Մենք ի սկզբանե ոգևորված էինք՝ կարծելով, թե դա պահպանվում է, սակայն ակնհայտորեն լարված իրավիճակը պահպանվում է։ Պետքարտուղարը խոսել է երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ։ Մինսկի խմբի մեր համանախագահը (Ջեյմս Ուորլիքը-Խմբ.) այցելել է տարածաշրջան: Մենք կապի մեջ ենք երկու կառավարությունների հետ, հակամարտության բոլոր կողմերի հետ, և մեր ուղերձն անփոփոխ է՝ մենք խստագույնս դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծում ցանկացած բռնություն և ցանկանում ենք հնարավորինս շուտ տեսնել բանակցային գործընթացի վերականգնումը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հայտարարել է Թոները։

Այս նյութը դիտել են - 1394 անգամ