Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը իր նոր պաշտոնավորումը ընկալել է գերադրական աստիճանով: Այն պահից սկսած, երբ նա մուտք գործեց մարզպետի աշխատասենյակ, Սիմոնյանին թվաց, թե ինքը մագլցել է Օլիմպոսի գագաթը:
Դրան հաջորդեցին հին կադրերից ձերբազատվելու և «Մահ կամ ազատություն» կարգախոսով դրոշների տակ երդում տվածներով համալրելու գործընթացները, մի քանի տհաճ միջադեպեր լրագրողների ու գյուղապետերի հետ, խմբապետական գենետիկ ջիղը ցուցադրելու առանձին դրվագներ:
Սակայն այս ամենը քիչ էին մարզպետ Սիմոնյանի համար: Նա ուզում էր իրեն տեր ու տիրակալ զգալ Շիրակ աշխարհի բոլոր տիրույթներում, այնպես, ինչպես, օրինակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է Զանգեզուրյան լեռնաշխարհի արքայից արքան:
Եվ ահա երջանիկ պատահականությամբ բախտն այդպիսի հնարավորություն ընձեռեց ընկեր Հովսեփին:
Պատմությունը, որ հաղորդում են ականատեսները, հետևյալ զարգացումն է ունեցել: Մարզպետը որդու հետ ինչ-որ տեղ է ուղևորվել և դիմացից եկող մեքենան չի զիջել նրան: Այդ ժամանակ Սիմոնյանը, տղան ու վարորդը իջել են մեքենայից, սկսել վիճաբանել ընդառաջ եկած մեքենայի ուղևորների հետ՝ զարմնացած, թե այդ ովքե՞ր են, որ համարձակվել են ճանապարհ չտալ Շիրակում Աստծու փոխանորդին: Պարզվել է՝ սրանք սփյուռքից եկած հայեր են, նույնիսկ չեն էլ իմանում, թե ինչ բան է մարզպետը, էլ ուր մնաց՝ ճանաչեն Հովսեփ Սիմոնյանին:
Դեպքն, իհարկե, առանց բռունցքների չի ավարտվել: Սակայն պատմում են նաև, թե կռվի վայր են հասել տեղի հեղինակությունները, որոնք ձեռքի հետ մարզպետին ու նրա որդուն հորդորել են խելոք մնալ, քանի որ, ըստ նրանց խոսքի, «Շիրակում մարզպետ լինելը դեռ քիչ է, որ ճամփա զիջելու արժանանա»:
Ո՞վ գիտի, մեկ էլ տեսար՝ Հովսեփ Սիմոնյանը սա հասկացավ: Սակայն կարող է հասկանալ ու չցանկանալ խորհրդին հետևել: Ախր, նոր Լիսկա լինելու հեռանկարը շատ գայթակղիչ է:
Այս նյութը դիտել են - 2391 անգամ