Հենց որ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն հայտարարեց իր նախաձեռնությամբ ստեղծվող կուսակցության անվանումը՝ «Համախմբում», դաշնակները չկարողացան զսպել համախմբման աջթևային լինելու գայթակղությունը:
Ինչը՝ ինչ, բայց «ազգակցական» կապերն իրենց զգացնել տալիս են: Ու երբ լրագրողները ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հարցրեցին, թե Դաշնակցությունը համագործակցության եզրեր գտնո՞ւմ է Օսկանյանի թիմի հետ, վերջինս անմիջապես պատասխանեց. «Մենք բոլորի հետ էլ համագործակցում ենք՝ ելնելով մեր գաղափարական սկզբունքներից»:
Գաղափարական սկզբունքն այս դեպքում, ինչպես հայտնի է, 126 տարվա պատմություն չունի, մի քիչ ավելի կարճ է ու համընկնում է ճիշտ այն տարեթվին, երբ Ռոբերտ Քոչարյանն իշխանության եկավ: Եվ դրա համար էլ Ռուստամյանը հոգու լիակատար հանգստությամբ է ակնարկում երկրորդ նախագահի բարձր հովանավորությամբ լույս աշխարհ եկած հերթական կուսակցության հետ շփման եզրերի մեծ հավանականության մասին:
Ճիշտ է, դիտարկմանը, թե կա տեսակետ, որ դա իրականում Քոչարյանի ձեռքի գործն է, դաշնակ առաջնորդը կարող է մի քիչ կոտրատվել՝ ասելով. «Մեզ դա չի հետաքրքրում: Մեզ գաղափարական սկզբունքների համընկնումն է հետաքրքրում: Որքան կհամընկնեն, այդքանով էլ կհամագործակցենք», բայց նա հո գերազանց գիտի, թե ՀՅԴ-ն միայն վերջին տարիներին քանի-քանի անհամապատասխան զուգընկերներ է ունեցել: Ու բոլորն էլ, արի ու տես, բացառապես գաղափարակից սիրեկաններ են եղել:
Այս նյութը դիտել են - 4530 անգամ