Նոր ընտրական օրենսգրքի շուրջ բուռն քննարկումների գլխավոր նպատակն ի վերջո մեկն էր՝ բացառել ընտրակեղծիքները, ապահովել արդար ու ազնիվ ընտրություններ: Բայց հիմա պարզվում է, որ օրեր շարունակ այդքան մարդ իզուր էր իրեն կոտորում, ձևեր ու լուծումներ առաջարկում, քանի որ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն արդեն ունի այնպիսի մի ցնցող տարբերակ, ինչը միանգամից լուծում է բոլոր խնդիրները:
Այսօր խորհրդարանում Վարդանյանը վերջապես իր թանկարժեք գաղափարը կիսեց գործընկերների հետ: Նա հայտարարեց. «Ես առաջարկում եմ, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ մասնակից բոլոր քաղաքական ուժերը ստորագրեն ջենտլմենական համաձայնագիր այն մասին, որ ոչ իրենք, ոչ իրենց տարածքային թեկնածուները ընտրակաշառք չեն բաժանելու»:
Ահա այսքան բան: Ու հարցը փակված է: Եկան, հավաքվեցին, ստորագրեցին, և հաջորդ պահին բոլորը դարձան ազնիվ-ազնիվ, արդար-արդար ու, ինչն ամենակարևորն է, դարձան ջենտլմեն:
Դաշնակ Աղվանի նոր մտահղացումը ոչ միայն իրատեսական չէ, այլև իր ներսում ոչ այնքան հաճելի երանգներ է պարունակում: Օրինակ, սա նշանակում է, որ ՀՅԴ-ն չի վստահում նույնիսկ իր դաշնակից քաղաքական ուժին՝ ՀՀԿ-ին, և նրանից էլ է ստորագրություն պահանջում: Սա նաև նշանակում է, որ դաշնակների համար իրավապահ մարմինները զրոյական արժեք ունեն, քանի որ տվյալ քայլը մեխանիկորեն բացառում է ընտրակաշառքի հանցագործություններն իրավական ճանապարհով կանխելու հնարավորությունը: Եվ արդյունքում ստացվում է, որ Վարդանյանը ոչ այնքան ցանկանում է ընդհանուր համաձայնություն ձեռք բերել, որքան առաջարկում է ոստիկանության ու դատական համակարգի «ղազագիրը» վավերացնել:
Այս նյութը դիտել են - 1302 անգամ