Կրոնը կարեւոր դեր ունի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ, սակայն, ըստ ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրիի, դա միշտ չէ որ ճիշտ է ընկալվում։ Քերրին Թեքսասի Ռայսի համալսարանի ելույթում անդրադարձել է կրոնի եւ դիվանագիտության կապին։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին նշեց, որ կրոնը միշտ որոշիչ դեր է ունեցել համաշխարհային քաղաքական դաշտում։ Կրոնի դերը մինչ օրս էլ անչափ կարեւոր է ։
՛՛Կրոնը կարեւորագույն դեր ունի ամբողջ աշխարհում ՝ մարդկանց որոշումների, քայլերի, արժեքների եւ աշխարհայացքի ձեւավորման գործում։ Այն որոշ խմբերի մղում է պատերազմ սկսել, մյուսներին՝ պայքարել խաղաղության համար՝՝,- նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։
2013-ին, ԱՄՆ-ի պետքարտուղար դառնալուց հետո, Քերրին գլխավորել է Օբամայի վարչակազմի կրոնական համագործակցության ձեռնարկը։
Քերրին ստեղծել է կրոնի եւ միջազգային հարաբերությունների բաժանմունք ԱՄՆ-ի արտգործնախարարությունում։
Քերրին կարեւորեց կրոնական առաջնորդների միջեւ համագործակցությունը, նշելով, որ այս հարթակում հնարավոր է բարձրացնել կարեւոր քաղաքական խնդիրներ՝ դրանք հանրությանը ավելի լսելի դարձնելով։
Քերրին նշեց, որ նախագահի վարչակազմի այս նախաձեռնության եւս մեկ կարեւոր նպատակ է կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը։
՛՛ Մարդիկ պետք է ազատ լինեն իրենց կրոնի ընտրության գործում, մարդիկ պետք է իրավունք ունենան ընտրել իրենց հոգեհարազատ կրոնը, պետք է իրավունք ունենան խոսել իրենց հավատքի մասին առանց վախի։ Կրոնական փոքրամասնությունները պետք է ունենան նույն իրավունքները՝՝,- նշել է Քերրին։
Քերրին հավելեց, որ ՛՛Դաեշ՝՝ խմբավորումը կրոնի քողի տակ առաջ է տանում իր ծայրահեղ գաղափարախոսությունը՝ ցեղասպանություն իրագործելով կրոնական փոքրամասնությունների հանդեպ։